Օգոստոսին Սիրիայից 100 000 մարդ է արտագաղթել. ՄԱԿ

17:12 • 04.09.12

ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը հրապարակել է նոր զեկույց, որտեղ նշվում է, որ օգոստոսին Սիրիայից արտագաղթել է 100 000 մարդ, հայտնում է Associated Press-ը:

 

17 ամսից ավելի երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում այս ցուցանիշն ամսվա կտրվածքով համարվում է ամենաբարձրը: ՄԱԿ-ի կողմից ներկայացված այս տվյալները կազմում են նախագահ Բաշար ալ Ասադի և ընդդիմադիր ուժերի միջև մղվող պայքարի հետևանքով հարևան երկրներ արտագաղթած 234 368 սիրիացիների թվի ուղիղ 40%-ը:

 

«100 000 արտագաղթյալների թիվը բավական անհանգստացուցիչ է, քանի որ այն վկայում է երկրում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին»,- նշել է վարչության ներկայացուցիչ Մելիս Ֆլեմինգը:

 

Նա նաև ավելացրել է, որ Սիրիայում գործող Արաբական կարմիր մահիկի ներկայացուցիչները շարունակում են ակտիվ աշխատանք ծավալել երկրում` օգնություն տրամադրելով ապաստանի կարիք ունեցող սիրիացիներին:


Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների` ներկայում հարևան Թուրքիայում 80 000, Հորդանանում 77 000, Լիբանանում 59 000 և Իրաքում 18 700 սիրիացի գաղթական կա:

 

Ինչպես այսօր նշել էր Tert.am-ը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նորանշանակ ղեկավար Փիթեր Մորերը Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի նախագահ Ասադի հետ և քննարկել հակամարտության գոտիներում մարդասիրական օգնություն հասցնելու թույլտվության հարցը:

 

Նրանց հանդիպումը տևել է 45 րոպե, ինչի ժամանակ Ասադը հայտարարել է, որ ողջունում է կոմիտեի աշխատանքը Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ ԿԽՄԿ-ն պահպանում է իր չեզոքությունը: