Հունգարիան ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Շվեյցարիայի միջնորդության առաջարկը

17:11 • 05.09.12

Հունգարիան ընդունել է ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Շվեյցարիայի միջնորդության առաջարկը: Ինչպես հայտնում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը` վկայակոչելով Вloomberg-ին, այս մասին այսօր հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին:

 
«Անընդունելի է: Ադրբեջանը պետք է դատապարտվի խոստումը խախտելու և Ռամիլ Սաֆարովին ներման արժանացնելու համար»,- ասել է նախարարը:


Մարտոնին տեղեկացրել է, որ Շվեյցարիա այցի ընթացքում իր շվեյցարացի գործընկերն առաջարկել է իր օգնությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:

 

«Շվեյցարիան միշտ եղել է չեզոք երկիր: Այն կարող է օգնել մեզ հարթել լարված հարաբերությունները Հայաստանի հետ: Հունգարիան անպայման պետք է օգտվի դրանից»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ին հունգարական կողմն Ադրբեջանին էր արտահանձնել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին, ում նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել: 

Յանոշ Մարտոնին նաև նշել է, որ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցում Հունգարիան գործել է միջազգային նորմերի համապատասխան, և «այս հարցում ոչ մի տնտեսական ենթատեքստ չի եղել»:


«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հայերը գիտակցեն, որ Հունգարիան բարեկամ է համարում նրանց»,- ասել է նա:

Մեկնաբանելով Շվեյցարիայի հնարավոր միջնորդության լուրը`  ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց հետևյալը. «Չեմ կարծում, որ այստեղ միջնորդության կարիք կա: Այստեղ անհարժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»: