ԱԺ-ն քննարկում է Ռամիլ Սաֆարովի հետ կապված հայտարարությունը (ուղիղ միացում)

13:52 • 05.09.12

ԱԺ-ում մեկնարկել են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու հայտնի իրադարձության հետ կապված հայտարարության քննարկումները:


ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հիմնական զեկուցող, ԱԺ արտաքին հարցերի հանձանժողովի նախագահ Արտակ Զաքարյանին հարցրեց, արդյո՞ք պարզել են` գործարք Հունգարիայի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել, ինչի մասին նշված է հայտարարության նախագծում:


Արտակ Զաքարյանը Վահան Հովհաննիսյանին ի պատասխան ասաց, որ ենթադրել է, թե գործարք է տեղի ունեցել, սակայն այդպես է թե ոչ, ցույց կտա ժամանակը:


Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ առաջարկեց, որպեսզի ԱԳՆ-ն տեղեկանք բաժանի այն մասին, թե ինչ քայլերի է դիմել Ռամիլ Սաֆարովի արտանահանձնումը կանխելու համար:


Ի դեպ, դաշնակացական մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «գործարքը» ենթադրում է իրավական հետևանքներ և ըստ պատգմավորի այնքան էլ հաջող բառ չէ:


Արտակ Զաքարյանն ի պատասխան ասաց, որ գործարքը միայն իրավական կողմ չի ենթադրում: «Մեր խնդիրը հարցը դատարապարտելն է և արդարության հասնելը, որպեսզի միջազգային խորհրդարանական կառույցներն անդրադառնան այդ փաստին»,-ասաց նա:


Ի դեպ, Արծվիկ Մինասյանն առաջարկել էր, որպեսզի հայտարարության տեքստում ավելացվի հատված, որով Հայաստանի խորհրդարանը կդիմի ՆԱՏՕ-ին, քանի որ միջադեպը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Արտակ Զաքարյանը, սակայն, նշեց, թե ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կանդրադառնա դրան` հոկտեմբերին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:


Արծվիկ Մինասյանը հիմանական զեկուցողին նաև հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք նպատակահարմար չէ՞ հայտարարության տեքստում անդրադառնալ նաև ԼՂՀ-Հայաստան ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտությանը, ինչի մասին Դաշնակցությունը վերջին օրերին հայտարարում է: Ի պատասխան՝ Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ ժամանակին ընդունված հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանը Հայաստանը ԼՂ անվտանգության հիմնական երաշխավորն է համարել: Իսկ Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե հայտարարության տեքստում պետք է անդրադարձ կատարվի հայ-թուրքական Արձանագրություններին, Արտակ Զաքարյանն, ըստ էության, չպատասխանեց:
Քննարկումը շարունակվում է:

 

Ուղիղ միացումը կարելի է դիտել այստեղ: