Երևանի երթուղինների հարցը հավերժ անլուծելի խնդիր է. Արմեն Պողոսյան

16:56 • 05.09.12

Երևանի երթուղինների խնդիրը հավերժական խնդիր է դարձել և չեն երևում դրա լուծման քայլերը, այս համոզմանն է «Հայաստանի սպառողների ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։


«Էլեկտրատրանսպորտի զարգացման ուղղությամբ Հայաստանը, ընդհանրապես, քայլեր չի անում: Երևանը միակ քաղաքն է, որտեղ 30 տարի է չի կառուցվում մետրոյի նոր կայարան»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։


Արմեն Պողոսյանը նշեց, թե այս հարցով իրենք բազմաթիվ դիմումներ են ուղղել պատկան մարմիններին, ընդհուպ մինչև վարչապետին, իսկ պատասխանն, ըստ նրա, ավելի քան անորոշ է։


«Մեր նամակի պատասխանում նշում են, թե մտածում են այդ ուղղությամբ: Այդ պատասխանում չկա ոչ մի հստակություն»,- իր վրդովմունքը չթաքցրեց «Հայաստանի սպառողների ասոցացիայի» նախագահը:


Ինչ վերաբերում է երթուղային ցանցի վերակառուցմանը, որի համար անցկացվում է մրցույթ, Արմեն Պետրոսյանն այդքան էլ հույս չունի, որ ցանցի վերակառուցումը կօգնի մեղմել իրավիճակը:


«Կա 125 երթուղի, այդ թվում նաև միկրոավտոբուսներ և ավտոբուսներ, իսկ դա նշանակում է, որ այդքան էլ տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք իրենց անվանում են գծի տերեր: Գծի տեր արտահայտությունը հանցավոր խմբերի պրոֆեսիոնալ լեզուն է»,- նկատեց նա և ավելացրեց, թե գծատերերի առկայության պարագայում լավ բան սպասել չի կարելի:


Անդրադառնալով չինական ավտոբուսների նոր խմբաքանակի ներմուծմանը՝ «Սպառողների միության» նախագահը համոզմունք հայտնեց, որ դրանք անորակ են։


«Մարդկության կողմից մերժված ապրանք է, որը չի հաղթահարում Բաղրամյան փողոցի վերելքը, այդ իսկ պատճառով հանեցին և այլ տեղ մտցրեցին: Իսկ նորերը շահութաբերության իմաստով ձեռնտու չեն, քանի որ կրկնակի վառելիք են ծախսում, դրա համար էլ հունվար ամսից վարորդ են փնտրում»,- հավելեց Արմեն Պողոսյանը: