Եվրախորհրդարանի ԱԳ հանձնաժողովի նախագահը քննադատել է Սաֆարովին ներում շնորհելու փաստը
Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրուքը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կայքէջը:
«Ես խորապես մտահոգված եմ Բաքու ժամանելուց հետո Սաֆարովին ներում շնորհելու, հրապարակայնորեն հերոսացնելու, մայորի կոչում, 8 տարվա կուտակված աշխատավարձ և բնակարան տրամադրելու հանգամանքով: Բաքուն գրավոր խոստում էր տվել Հունգարիայի իշխանություններին, որ Սաֆարովը կշարունակի կրել ցմահ ազատազրկման իր պատիժն Ադրբեջանում առնվազն 25 տարի: Սակայն Ադրբեջանը չպահեց իր խոստումը»,- ասել է նա:
Նա հիշեցրել է, որ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել է Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: «Ուստի՝ որոշում ընդունելով ազատություն շնորհել նրան` Ադրբեջանը շրջանցում է Եվրամիության անդամ պետության դատարանի կայացրած վճիռը և մարդասպանին Բաքվում որպես հերոս ներկայացնում երեխաներին»,-նշված է Բրուքի հայտարարության մեջ:










