Ֆրանսիայի «առաջին տիկինը» 2 հազար եվրո է շահել լողազգեստի հետ կապված դատական գործում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Վալերի Տրիերվեյլերը, շահել է VSD հրատարակչության դեմ դատը: Ֆրանսիայի ոչ պաշտոնական առաջին տիկինը հայց էր ներկայացրել հրատարակչության դեմ՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքների խախտման և անձնական կյանք ներխուժման մեջ, հայտնում է Euromag-ը:
Փարիզի վերին ատյանի դատարանը, քննելով գործը, այսօր հրապարակել է իր վճիռը, որն ընդունվել է «Առաջին տիկնոջ» օգտին: Այժմ VSD-ն պարտավոր է 2 հազար եվրոյի չափով տուգանք վճարել Տրիերվեյլերին:
Դատական քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ ամսագիրը, առանց համապատասխան թույլտվության, հրապարակել է Օլանդի և նրա ընկերուհու լողազգեստով լուսանկարները:
Տրիերվեյլերը որպես փոխհատուցում 30 հազար եվրո էր պահանջում:
«Դրանք ուղղակի ամառային արձակուրդների ժամանակ արված լուսանկարներ էին: Սովորաբար, մենք միշտ հրապարակել ենք թե՛ Նիկոլա Սարկոզիի, թե՛ Ժակ Շիրակի (նախկին նախագահներ) նման բովանդակությամբ լուսանկարները»,- նշել է VSD-ի ներկայացուցիչը:
Սակայն Տրիերվեյլերը պնդում է, որ այդ լուսանկարնները գողացվել են և նախատեսված չեն եղել հրապարակման համար:










