Վրաստանը ամեն բան անում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը չանցնեն վտանգավոր սահմանագիծը. Վաշաձե

21:32 • 05.09.12

Վրաստանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ և ամեն բան անում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չանցնեն վտանգավոր սահմանագիծը, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, հաղորդում է NEWSGEORGIA պարբերականը:



Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ծայրահեղ սրվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին հունգարական կողմն Ադրբեջանին էր արտահանձնել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին:


«Վրաստանը ամեն բան անում է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չանցնեն վտանգավոր սահմանագիծը: Այդ հարցում մեզ աջակցում են միջազգային կազմակերպությունները: Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում չլինեն իրադարձություններ, որոնք կարող են խանգարել համագործակցությանը և զարգացմանը»,-  նշել է Վաշաձեն:



Նրա խոսքով, Վրաստանի հիմնական նպատակն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը «բոլոր խնդիրները լուծեն խաղաղ ճանապարհով»: