Վրաստանի քաղաքացիների կեսը Ռուսաստանը որպես լուրջ վտանգի աղբյուր է դիտարկում
Վրաստանի բնակիչների մոտ կեսը Ռուսաստանի մեջ իր երկրի համար լուրջ վտանգ ներկայացնող հարևան է տեսնում, ցույց է տվել հասարակական կարծիքի հարցումը, որը անցկացվել է ԱՄՆ Ազգային դեմակրատական ինստիտուտ (NDI) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության կողմից, հաղորդում է Новости-Грузия պարբորականը:
Հատկանշական է, որ այդ սոցհարցումը անցկացվել է դեռ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 12-ը, սակայն դրա արդյունքները Թբիլիսիում ներկայացվել են միայն սեպտեմբերի 5-ին:
Հնարավոր է, որ դա կապված է Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կովկասում անցկացվելիք խոշորածավալ ռազմավարական զորավարժությունների հետ, որոնք նախատեսվում են սեպտեմբերի 17-ից 23-ը և արդեն վախեցրել են Թբիլիսիին:
Հարցման արդյունքում ամերիկացի սոցիոլոգները բացահայտել են, որ հարցվածների 48%-ը կարծիք են հայտնել, որ Ռուսաստանը Վրաստանի համար վտանգ է ներկայացնում, հարցվածների 30%-ը հայտնել է, որ Ռուսաստանի ներկայացրած վտանգը չափազանցված է: Հարցման մասնակիցների ևս 9%-ը կարծում է, որ Մոսկվան Թբիլիսիի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Մնացած հարցվածները ասել են, որ այդ հարցին չեն կարող պատասխանել:
Միևնույն ժամանակ հարցվածների 89%-ը հայտարարել է, որ իրենց դուր չի գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը, և միայն 5%-ն է ասել, որ ամեն ինչից գոհ է: Մնացածը հարցին չեն կարողացել պատասխանել:
Հարցումը նաև ցույց է տվել, որ Վրաստանի բնակչությունը նորից իրենց ապագան հստակ տեսնում է ՆԱՏՕ-ի կազմում: Այդ կազմակերպության մաս կազմելուն կողմ է արտահայտվել հարցմանը մասնակցած Վրաստանի բնակիչների 62%-ը: Սոցհարցմանը մասնակցել է 2. 038 Վրաստանի քաղաքացի:










