Մոսկվայում սեպտեմբերի 7-ին Հունգարիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա կանցկացվի
Մոսկվայում, Մոսֆիլմովսկայա 62 հասցեում սեպտեմբերի 7-ին ժամը 16:00, ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ ռուսաստանցի հասարակության բողոքի ակցիան կանցկացվի, որը Ռուսաստանի հայերի միության կողմից համաձայնեցվել է քաղաքի իշխանությունների հետ, հաղորդում է «Երկրամաս» պարբերականը:
Նաև համաձայնեցման փուլում է համաքաղաքային ցույցի անցկացումը, որի մասին ավելի ուշ կտեղեկացվի:
Ակցիայի մասնակիցները, հունգար ժողովրդի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, սակայն պատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել Հունգարիայի կառավարության գործողությունների վերաբերյալ, որը համաձայնել է Ադրբեջանին տարհանձնել մարդասպան Սաֆարովին:
Հունգարիայի բարձր պաշտոնյաները, Ադրբեջանին ոճրագործի տարհանձման մասին սխալ որոշում կայացնելիս, չէին կարող չիմանալ, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ: Այնուամենայնիվ, նրանք իրենց դրել են կատարվածին աջակցողների դիրքում: Ադրբեջանի նախագահը Սաֆարովին ներում շնորհելու և հերոսացնելու մասին հրամանը արձակել էր այն ժամանակ, երբ մասդասպանին տեղափոխող ինքնաթիռը դեռ օդում էր:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ին հունգարական կողմն Ադրբեջանին էր արտահանձնել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին:










