Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թուրքմենստանի փոխարտգործնախարարին

19:33 • 05.09.12

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի ԱԳ առաջին փոխնախարար Վեպա Խաջիևին, այս մաստին տեղեկացնում են ԱԳՆ–ի մամուլի ծառայությունից:


Էդվարդ Նալբանդյանը, ընդգծելով, որ այս տարի նշվում է հայ-թուրքմենական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, բարձր է գնահատել անկախությունից ի վեր Հայաստանի և Թուրքմենստանի միջև ձևավորված բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև կարծիք է հայտնե, որ երկկողմ բարձրաստիճան այցելությունները և պարբերական քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների միջև զգալի դեր ունեն հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:


Վեպա Խաջիևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ թուրքմենական կողմը կարևորում է բարեկամական կապերի ամրապնդումը Հայաստանի հետ, և Թուրքմենստանի նախագահի գալիք այցը Հայաստան դրա ևս մեկ ապացույցն է լինելու:


Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 6-ին մեկնարկող հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման և տնտեսական համագործակցության ակտիվացման, էներգետիկ և տրանսպորտային բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: