Հունգարիան ընդհուպ մինչև օգոստոսի 28-ը հավաստիացրել է, որ նման բան չկա. Էդվարդ Նալբանդյանը պարզաբանումներ է ներկայացրել
Այսօր հունգարական կառավարությունը չի կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու նման կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ իր դիրքորոշման մեջ և ինչու հանկարծ այդքան դյուրահավատորեն ընդունեցին ադրբեջանական ստերը: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով այսօր ` Ռամիլ Սաֆարովի արտահանձման և նրան ներում շնորհելու փաստի առթիվ ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու կապակցությամբ հրավիրված արտահերթ նիստում:
«2004 թվականին Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունից և դատավճռի հրապարակումից անմիջապես հետո այս տարիների ընթացքում Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի փորձերի մասին՝ ՀՀ նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, Խորհրդարանի նախագահի, դեսպանների մակարդակով շարունակաբար Հունգարիայի իշխանությունների ուշադրությունն ենք հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա և բազմաթիվ անգամներ հունագարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է, ներառյալ օգոստոսի 22-ը , 23-ը և 24 –ը, երբ Հունգարիայի ԱԳՆ-ից և Արդարադատության նախարարությունից և խորհրդարանից ստացվել են այդ հավաստիացումներ` նախկինները վերահաստատելով»,- նշեց ԱԳ նախարարը` հավելելով, որ օգոստոսի 24-ին գրավոր հարցում է ուղղվել Հունգարիային:
Իսկ դրա պատասխանի ուշացման պատճառով օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի խորհրդարանում և ԱԳՆ–ում:
«Հանցագործության առաջին իսկ օրվանից հունգարական իշխանությունները քաջատեղյակ էին, որ Ադրբեջանը փառաբանում է այդ ոճրագործությունը և հերոսացնում կատարողին՝ անգամ այն աստիճան, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար»,- նշեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը՝ բնական համարելով այս տարիների ընթացքում Հունգարիայի իշխանությունները տեղի չէին տալիս Ադրբեջանի կեղծ խոստումներին առ այն, որ մարդասպանը կշարունակի սահմանված պատիժը կրել տեղափոխման դեպքում: «Ադրբեջանի հետ այս կասկածելի գործարքին գնացած Հունգարիայի կառավարությունը ներկայացնում է ադրբեջանական կողմից ստացված շինծու մի նամակ՝ ձևացնելով, որ հավատացել է Ադրբեջանի կեղծ հավաստիացումներին»,- ասաց նա:
ԱԳ նախարարը նաև նշեց, որ Հունգարիայի ներկա կառավարությունը չի կարողանում որևիցե համոզիչ փաստարկ ներկայացնել, թե ինչու է գործել գաղտագողի, ինչը պնդում է Բաքուն: «Եվ ինչպես վկայում է սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպումը, եռանախագահող երկրները նույնպես տեղյակ չեն եղել այդ գործարքի մասին: Համանախագահ երկրների դատապարտող հայտարարությունները ևս վկայում են այդ մասին»:
Նալբանդյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հունգարիայի կառավարությունն այս գործարքով մեծ հարված հասցրեց ոչ միայն իր երկրի միջազգային հեղինակությանը, այլ նաև հայ-հունգարական միջպետական հարաբերություններին, ինչը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների կասեցմանը: «Հազարավոր հունգարացիների, կրոնական առաջնորդների, տարբեր հասարակական քաղաքական կառույցների արձագանքները, նամակներն ու հայտարարությունները, բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ Հունգարիայի ժողովուրդը չի կիսում և խստորեն դատապարտում է կառավարության այս անընդունելի քայլը, իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ վստահություն հայտնելով, որ բարեկամության դարավոր ավանդույթներ ունեցող հայ և հունգար ժողովուրդները կկարողանան հաղթահարել Հունգարիայի ներկա կառավարության կողմից պարտադրված այս փորձությունը:
«Մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու՝ Ադրբեջանի ղեկավարության այս ցուցադրական, գռեհիկ քայլերը ցնցել են միջազգային հանրությանը, բայց ոչ պակաս ցնցում են Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային իրավունքի, և ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ: Հայտնի են այն բազմաթիվ գնահատականները, որոնք տարբեր միջազգային կառույցների, երկրների կողմից տրվել են այս գործարքին: Ես կցանկանամ մեջբերել րոպեներ առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությունը, որտեղ հատկապես մտահոգվածություն է հայտնվում, որ այս գործարքում չարաշահվել է Եվրոպայի խորհրդի իրավական գործիքը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ միջազգային հանրության միահամուռ, հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակությանը վկայում է, որ նման երևույթները չեն կարող հանդուրժվել:
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշեց, որ ադրբեջանա-հունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին: «Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է՝ ձախողելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը: Այս ուղղությամբ Հայաստանը գործադրել է և շարունակելու է ինտենսիվ ջանքեր գործադրել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ համատեղ: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր հետագա վճռական քայլերը, շարունակենք միջազգային հանրության կողմից ըմբռնելի, հավասարակշիռ և կառուցողական մեր քաղաքականությունը ու մեր գործընկերների հետ համատեղ ավելացնենք ջանքերը՝ ուղղված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը»,- եզրափակեց նա:










