Ազատազրկված մարդասպանի հերոսավայել ընդունելությունը վերստին լարվածություն է առաջացնում. NYT
Հեղինակավոր New York Times թերթն «Ազատազրկված մարդասպանի հերոսավայել ընդունելությունը վերստին լարվածություն է առաջացնում» վերնագրով անդրադարձ է ներկայացրել:
Անդրադարձը սկսվում է մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջան վերադարձի ու մեծարման մասին քաջ հայտնի տվյալներով: Սակայն հոդվածագիրը նշում է, որ «35-ամյա Սաֆարովն արդեն իսկ հայտնի էր իր հանցագործության համար»՝ ընդգծելով, որ 8 տարի առաջ «նա գրեթե մասնատել էր իր զոհի մարմինը»:
Ըստ NY Times-ի՝ «գրեթե հաստատ է, որ Սաֆարովը պատմության մեջ կմտնի»: Հեղինակավոր հրատարակությունը Սաֆարովին նաև Հայաստանի հանդեպ «ատելության մարմնացում» է անվանում՝ նշելով որ «Սաֆարովի գործը» սպառնում է դադարեցնել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները:
Թերթը նշում է, որ առայժմ հստակ չեն Հայաստանի իշխանությունների ձեռնարկելիք գործողությունները: Փոխարենը Ադրբեջանի ընդդիմությունը՝ ի դեմս Զարդուշտ Ալիզադեի նշում է, որ սա հաջորդ տարվա նախագահական ընտրություններին ընդառաջ արված քայլ է:
«Հերոսին՝ հայ սպանած անձին, այդքան շատ աջակցելը նախագահին էլ է հերոսացնում», - նկատել է նա:
Հրատարակությունը հատուկ հիշեցնում է, որ իր նախորդ հրապարակման մեջ սխալվել է՝ գրելով, թե Սաֆարովին Բաքվի օդանավակայանում դիմավորել է անձամբ Ալիևը:










