ԵԽԽՎ նախագահն անընդունելի է համարում Սաֆարովի հերոսացումը և Ադրբեջանին կոչ է անում վերանայել դիրքորոշումը

18:58 • 05.09.12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան–Կլոդ Մինյոնը անընդունելի է համարել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից նրան փառաբանելու քայլերն ու մտահոգություն հայտնել, որ այս միջադեպը վատթարացնում է Հայաստանի և Ադրբեջանի առանց այդ էլ լարված հարաբերությունները։


Ըստ ԵԽԽՎ կայում տեղադրված հաղորդագրության՝ Ժան–Կլոդ Մինյոնն ասել է, որ ինքը միանում է միջազգային քննադատությանը, որը հնչեցվել է Սաֆարովի գործած այդ ահասարսուռ հանցագործության առնչությամբ։


«Նրա ազատումն անընդունելի, և ես չափազանց հիասթափված եմ, որ այս հարցում չարաշահումով օգտագործվել է Եվրոպայի խորհրդի իրավական գործիք (նկատի ունի «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիան – Tert.am)»,- ասել է նա։


Ժան–Կլոդ Մինյոնը նաև ասել է, որ Սաֆարովի սկանդալային ազատումն ու ներումը շատ բացասական հետևանքներ է ունենում


Հայաստանի և Ադրբեջանի՝ առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա և ապակայունացնում է իրադրությունը տարածաշրջանում։


«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի չափանիշների և բարոյական մոտեցումների համապատասխան»,– հայտարարությունում նշել է ԵԽԽՎ նախագահ Ժան–Կլոդ Մինյոնը։