Հայ-ադրբեջանական հակերային փոխհրաձգությունները դադարել են. փորձագետ

14:02 • 05.09.12

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո թափ առած հայ-ադրբեջանական հակերային փոխհրաձգությունների թափը սեպտեմբերի 3-ից սկսեց մարել, իսկ այսօր արդեն դեռևս ոչ մի հարձակում չի գրանցվել. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


Անդրադառնալով երկկողմ հարձակումներին՝ նա նշեց. «Հենց այդ անձնավորությանը հանձնեցին Բաքվին, ադրբեջանական հակերային մի մեծ խմբավորում սկսեց գրոհը հայկական կայքերի վրա: Երեք օրվա մեջ կոտրեցին մոտ 20 կայք, որտեղ տեղադրում էին սրա պատկերը և ներման հրամանի թուղթը»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ Ադրբեջանի հակերները հիմնականում կոտրում էին ինչ ընկնում էր ձեռքների տակ:


«Նրանց ամենից մեծ հաջողությունը եղավ այն, որ ջարդեցին քաղցկեղով հիվանդ երեխանների կազմակերպության կայքը, նաև մանկատներին օգնող հիմնադրամինը»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:


Բանախոսի տեղեկացմամբ, ադրբեջանական այս հարձակումներից հետո՝ առավոտյան, հայկական հակերներն սկսեցին հակառակ գործողությունները. «Մեր հիմնական թիրախը Ադրբեջանի նախագահական նաև նախարարական կայքերն ու լրատվամիջոցներն էին: Հայ հակերները քիչ կայքերի վրա էին թիրախավորվում՝ ունենալով հստակ նպատակ: Միայն մեկ դեպք եղավ, երբ ժամանցային կայքեր սպասարկող սերվեր էր կոտրվել»:


Ըստ նրա, հարձակումները երկու տեսքով են իրականացվել. առաջինը, երբ տեղադրվում էր նկար, իսկ երկրորդը DDoS հարձակումներն էին, երբ վարակված համակարգիչներից մեծ թվով հարձակումներ էին իրականացվում.«DDoS հարձակումները երկու կողմից էլ ուժեղ էին, բայց ադրբեջանական կողմին չհաջողվեց դադարեցնել մեր կայքերի աշխատանքը, մինչդեռ նրանց լրատվական լուրջ կայքերը դաշտից դուրս ընկան»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:


Բանախոսը նկատեց, թե խնդիրն այն է, որ ադրբեջանցիների կողմից նման հարձակումներ միշտ են լինում. «Այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցի հակերների վրա պլան է դրված»:


Սամվել Մարտիրոսյանն ընդգծեց, թե նման դեպքերում հաճախ է հայ հասարակությունը դժգոհում՝ ո՞ւր են հայ հակերները.«Հուսով եմ՝ այս շաբաթվա գործողություններից երևաց, որ եթե պետք է, ուրեմն գործն արվում է»:
Փորձագետի խոսքով՝ հակերական հարձակումը խուլիգանություն է և իմաստ էլ չունի խուլիգանությամբ զբաղվել. «Կայք կոտրելով ինչ-որ խնդիր չի լուծվում, քանի որ հիմնականում կոտրվում են ինչ-որ անկապ կայքեր»:


Սամվել Մարտիրոյանը նկատեց, որ Ադրբեջանի նախագահի կայքի կոտրումը հայկական կողմի համար քարոզչական նպատակ ուներ, քանի որ այդ դեպքում ևս առիթ ստեղծվեց միջազգային մամուլին ու հեռուստատեսությանը անդրադառնալ այս թեմային:

 

Հայ-ադրբեջանական հակերային փոխհրաձգությունները դադարել են. փորձագետ