Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Զարուհի Փոստանջյան

18:34 • 05.09.12

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի առիթ դարձած ԱԺ հայտարարության նախագիծը ուշացած և հերթապահ հայտարարություն է` արձագանք թուրքական Ադրբեջանի գործողություններին: Սա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գնահատականն է արտահերթում ներկայացված հայտարարության նախագծին:


Զարուհի Փոստանջյանը նկատեց, թե մեր քաղաքական ուժերից շատերը այդպես էլ չգիտակցեցին մեր պատմական հայրենիքին միանալու՝ մեզ պատկանող իրավունքը:


«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը կրկին կոչ արեց, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը և գործադիր մարմնից պահանջեց ռազմական օգնության պայմանագիր կնքել Արցախի հետ:

 


Անդրադառնալով այսօր ԱԺ քննարկման ժամանակ հնչած առաջարկին, թե ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պետք է հրահանգի բարձրացնել հայկական Զինված ուժերի զգոնությունը, Զարուհի Փոստանջյանն իր ելույթում թվարկեց ԶՈւ-ի զգոնությունը բարձրացնող մի քանի կետեր. «Մեր ԶՈւ զգոնությունը կբարձրանա, երբ յուրաքանչյուրը տեսնի, որ կա արդարություն և խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում սպանված զինվորի մայրը չգնա ու Կառավարոթյան առջև ցույց չանի, մեր զինված ուժերի զգոնությունը կբարձրանա, եթե ԱԺ արտահերթ նիստ հրավիրվեր ՀՀ ԶՈւ սպա Վահե Ավետյանի սպանության հանգամանքները ուսումնասիրելու հարցով, եթե արտակարգ իրավիճակների դեպքում չխրախուսվի հայկական զինված ուժերի օգտագործումը, եթե հայկական կամավորական գումարտակի սպա Ժիրայր Սեֆիլյանին շնորհվի ՀՀ քաղաքացիություն, իսկ Գորիկ Գուրգենիչն էլ ԱԱԾ քննչական վարչության կողմից սարքված գործերի վերաբերյալ ներկայացնի հաշվետվություն»:


Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթներց մեկում հնչած մտքին, որը վերաբերվել է ՀՀ ավանդական կուսակցությունների ղեկավարներին, Զարուհի Փոստանջյանը նկատեց, թե շատ լավ կլիներ ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ մշտապես կապի մեջ լինել, մասնավորապես, «հայ-թուրքական խայտառակ արձագրությունների» նախաստորագրումից ու ստորագրումից առաջ:

 

Ելույթի ավարտին Զարուհի Փոստանջյանն առաջարկեց ջանքեր գործադրել, որպեսզի Կալիֆորնիայի բանտերից մեկում երեսուն և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող Համբիկ Սասունյանն ազատ արձակվի:


Հիշեցնենք, որ վերջերս Համբիկ Սասունյանը համացանցով դիմել էր հայ զինվորներին՝ գրելով.«Մենք պետք է բռունցք լինենք, մենք պետք է մեզ՝ մեր մեջ հավաքենք»:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով նիստը քվեարկությամբ երկարաձգվեց, մինչև օրակարգի սպառումը: