Արմեն Գևորգյանը և Թ. Բիլսթրոմը քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հարցեր

15:26 • 06.09.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրոմին, ով Հայաստանում է միգրացիայի ոլորտում իրականացվող Եվրամիության «Թվինինգ» ծրագրի մեկնարկի կապակցությամբ:


Ըստ Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Արմեն Գևորգյանը ողջունել է հյուրի մասնակցությունը նման կարևոր ծրագրի մեկնարկին` վստահություն հայտնելով, որ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հաջողությամբ կյանքի կոչել այն:


Նշելով, որ միգրացիայի կառավարման գործընթացները շարունակում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում մնալ` Արմեն Գևորգյանը ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային համագործակցությունը և ընդգծել Շվեդիայի հետ փոխգործակցությունը:


Կողմերն ադյունավետ են համարել վերջին տարիներին երկու երկրների աշխատանքները ինչպես «ՀՀ կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի, այնպես էլ Եվրամիության Շոդերկոպինգի գործընթացի շրջանակում:

Երկուստեք գոհունակություն են հայտնել, որ համագործակցությունը շարունակվելու է նաև «Թվինինգ» ծրագրի շրջանակում, որը ԵՄ կողմից իրականացնելու է շվեդ-լեհական կոնսորցիումը:


Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
Նախարար Բիլսթրոմը ևս վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի այն հաջողությամբ իրականացնելու համար:


Հանդիպումից հետո Արմեն Գևորգյանն ու Թոմաս Բիլսթրոմը մասնակցել են «Թվինինգ» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը:
Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով`ողջունելով ծրագրի մեկնարկը, կարևորելով հիմնախնդիրների լուծման հարցում միջազգային համագործակցությունը, անդրադառնալով միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքներին:


«Թվինինգ» ծրագիրն ուղղված է Հայաստանում միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգի բարելավմանը` Միգրացիոն պետական ծառայության ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով:


Ծրագրի հիմնական բաղադրիչներից են օրենսդրական դաշտի ներդաշնակեցումը ԵՄ չափանիշներին, միգրացիայի հարցերով գործառույթներ ունեցող մարմինների աշխատանքի արդյունավետ համակարգումը, միգրացիայի և ապաստանի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ներդրումը:


Ծրագրի իրականացման համար ընտրվել է Շվեդիայի և Լեհաստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագրի շահառուներն են Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ոստիկանությունը, պետական այլ մարմիններ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, տևողությունը 27 ամիս է:

 

 

Արմեն Գևորգյանը և Թ. Բիլսթրոմը քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հարցեր