Հունգարիայի համար միևնույն է, թե Հայաստանը կասեցնում է հարաբերությունները. բանավեճ

13:28 • 06.09.12

Հունգարիան, Ադրբեջանին վերադարձնելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին, լուրջ դիվանագիտական խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ հետագա ծրագրերում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Այվազյանը:


Սակայն վերջինիս հակադարձեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ ասելով. «Հունգարիայի համար, թե Հայաստանը կասեցնում է իր հետ դիվանագիտական հարաբերությունները, ոչ սառն է, ոչ էլ տաք»:


Ըստ Վարդան Այվազյանի՝ Ադրբեջանի վերաբերյալ հետևությունը մեկն է. «Անհեռատես, անփառունակ անձ է Ադրբեջանի նախագահը, որ իր ազգին մոլագար է դարձրել: Եթե նրա հայրը կենդանի լիներ, համոզված եմ՝ կասեր, ա՛յ տղա, խելոք պահի, ապուշ, ապուշ, էսքան է՞լ ապուշ ... գիշերը քնած մարդուն կացնահարածին ներում շնորհելը ո՞րն է»:


Անուշ Սեդրակյանը կրկին հակադարձեց. «Ոչ, Իլհամ Ալիևն աշխատում է իր ընտրության համար, ներքին դաշտում՝ այդպես, արտաքին դաշտում՝ փողով»:


Սրան ի պատասխան Վարդան Այվազյանինն ասաց, որ տեղի է ունեցել ոչ թե գործարք, այլ երեք միլիարդ եվրոյի ներդրման խոստում, քանի որ ըստ նրա, այդ գումարն Ադրբեջանը չի փոխանցել:


Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Ազգային ժողովը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու, ապա Ադրբեջանի կողմից ներում շնորհելու փաստի առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ, որն ընդունվեց պատգամավորների ձայների մեծամասնությամբ (96 կողմ, 1 դեմ):


Անդրադառնալով ԱԺ հայտարարությանը՝  Անուշ Սեդրակյանը նկատեց, որ այս դեպքը պատեհ առիթ է, որպեսզի Հայաստանը բոլոր այն կազմակերպություններին, որոնց հետ համագործակցության ծրագրեր է իրականացնում, բարձրաձայնի Հունգարիայի հարցը և դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցը:


«Սա պետք է դարձնել ՀՀ հիմնաքարն ու անկյունաքարը»,- նկատեց Անուշ Սեդրակյանը:


ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն արձագանքեց.«Լիովին կիսում եմ Ձեր մոտեցումը: Այո՛, գործելու լավագույն ժամանակն է, ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:


Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով բացահայտվե՞ց, թե ովքեր են մեր թշնամիները, հարցին ի պատասխան, Անուշ Սեդրակյանը հիշեցրեց, որ թե՛ ՌԴ-ից, թե՛ Արևմուտքից տարբեր մակարդակներով կոշտ և կտրուկ արձագանքներ հնչեցին։


«Եթե վելուծում ես, տեսնում ես, որ այս իրադրությունը ոչ ձեռնտու է Արևմուտքին, չնայած «Ռեգնումը» գրեց, թե խառն էր Արևմուտքի մատը: Դա Արևմուտքի արժեքների կործանում էր, որ այդ արժեքներից դուրս է Եվրոպայի առաջատար երկրներից մեկը,ավելին՝ դրանք (եվրոպական արժեքները - Tert.am) այլևս պոպուլյար չեն դառնում տարածաշրջանային այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է»,- նկատեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը: