Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության նախագահը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին
Չեխ քաղաքական գործիչ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովներում Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Ցաբրնոխը Tert.am-ին տրամադրած հայտարարության մեջ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և հիշեցրել նրանց ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Որպես ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովներում Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ՝ իմ խորին մտահոգությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահի՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ, որը պետք է ցմահ ազատազրկում կրեր 2004-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար:
Տարիներ շարունակ Պատվիրակության անդամները կրկնապատկել են իրենց ջանքերը, որպեսզի նպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը՝ խորհրդարանական երկխոսության, իսկ վերջերս էլ՝ նաև Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի միջոցով:
Ավելին՝ մենք ամրապնդել ենք երկկողմ կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ օգուտներ քաղելով խորհրդարանական դիվանագիտության ընձեռած միջոցներից՝ տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու, խաղաղություն տարածելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կենսունակ լուծումը գտնելուն նպաստելու հույսով:
Մեր Պատվիրակությունը հայ և ադրբեջանական կողմերի համար հստակեցրել է, որ մարդու իրավունքները հարգելը, օրենքի իշխանությունը և եվրոպական արժեքները մշտապես պետք է նրանց եվրաինտեգրման ձգտումների հիմքում լինեն: Այս համատեքստում պարոն Ալիևի որոշումը կարող է դիտվել որպես դատական վարույթների վտանգավոր չարաշահում:
Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում դրսևորել իրենց նվիրվածությունը նշածս արժեքներին և Ադրբեջանին ու Հայաստանին մեծապես խրախուսում եմ ներգրավված մնալ խաղաղության գործընթացում»:










