Չինական դեղերը և ապուրները կեղտոտ յուղ են պարունակում, ահազանգում են փորձագետները
Չինաստանի իշխանությունները դեղագործական ընկերությունների վերաբերյալ հրաման են արձակել, ըստ որի, անհրաժեշտ է խստորեն ստուգել մատակարարներին: Բանը նրանում է, որ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ հակաբիոտիկներում օգտագործվում է յուղ, որը ստացվել է սննդի արդյունաբերության մեջ արդեն գործածված յուղից: Այն հավաքվել է տապակներից, կոյուղուց, ճարպորսիչ կայաններից և սպանդանոցներից, հաղորդում է BBC-ն:
Տվյալ յուղը օգտագործվել է ավելի թանկարժեք սոյայի յուղի փոխարեն: Դեռ տեղեկություններ չկան, թե որքանով են վտանգավոր այդ կեղտոտ յուղից պատրաստված դեղամիջոցները:
Պետք է նշել, որ վերջին տարիներին Չինաստանում մի քանի սկանդալային պատմություն է ծագել այդ տեսակ յուղի կապակցությամբ: Օրինակ, ապրիլին կատարված ստուգման ժամանակ հայտնաբերվել էր մի քանի ընդհատակյա արտադրամաս, որոնցում յուղը ստացվում էր կենդանական ճարպից և օրգաններից:
Կեղտոտ յուղի մեծ մասը վաճառվել է սնունդ արտադրող ընկերություններին և օգտագործվել ապուրների արտադրության մեջ: Նախորդ տարի Չինաստանի իրավապահները ավելի քան 100 տոնա կեղտոտ յուղ են առգրավել երկրի 14 նահանգներում:










