Իսպանիայում մոլեգնող հրդեհների պատճառով այրվել է Խուլիո Իգլեսիասի առանձնատունը
Իսպանիայի հարավում շուրջ 1 ամիս մոլեգնող անտառային հրդեհների պատճառով այրվել է աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի՝ Մալագայում գտնվող շքեղ առանձնատունը, հայտնում է espanarusa.com կայքը:
Մտերիմների խոսքով՝ երգիչն ու նրա ընտանիքի մյուս անդամներն ուղղակի ցնցվել են այս լուրից:
«Ես ինձ այնքան դատարկ եմ զգում, առանձնատանս այրվելու լուրն ամենատխուր լուրերից մեկն էր իմ կյանքում: Սակայն նյութական վնասն ինձ ամենևին էլ չի հուզում: Ինձ համար ավելի կարևոր է, թե քանի մարդկանց կյանք է խլել աղետալի հրդեհը»,- Hola ամսագրի հետ զրույցում ասել է Իգլեսիասը:
Մալագայում բռնկված հրդեհն ընդգրկել է 8 հեկտար հողատարածք, իսկ տարածքում գտնվող հարյուրավոր տներ, այդ թվում նաև Իգլեսիասի առանձնատունը՝ Միջերկրական ծովափի ամենաշքեղ տներից մեկը, այրվել են:










