Ֆլորենցիայում այսօր կնշվի Լապտերների տոնը
Իտալական Ֆլորենցիա քաղաքում այսօր կնշվի Լապտերների տոնը: Այս ավանդույթը ձևավորվել է 17-րդ դարում: Իտալացիների մոտ ընդունված էր նշել Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը, ինչի կապակցությամբ երկրի բոլոր խոշոր քաղաքներում մեծ տոնախմբություններ էին կազմակերպվում: Աստվածամոր ծննդյան նախօրեին` սեմպտեմբերի 6-ին, Ֆլորենցիա էին գալիս մոտակա քաղաքների և գյուղերի բնակիչները: Ֆլորենցիայի կանայք, ցանկանալով գեղեցիկ տեսք ունենալ նորեկների մոտ, իրենց լավագույն զգեստներ էին կրում, որոնք փքվածության պատճառով ստացել էին «լապտերներ» ծաղրական անվանումը:
Սակայն ըստ մեկ այլ վարկածի` Լապտերների օրվա ավանդույթը սկզբնավորվել է 1555 թ.-ին, երբ Ֆլորենցիայի զինվորները գրավել են Սիենան և քաղաք են մտել հաղթանակած` ձեռքերում սպիտակ լապտերներ պահած:
Ըստ ավանդույթի` սեպտեմբերի 6-ի գիշերը հարյուրավոր մարդիկ՝ կարդինալի գլխավորությամբ, ձեռքերում վառվող լապտերներ պահած, երթ են կազմակերպում քաղաքով: Զբոսաշրջիկներն այս տոնը շատ են սիրում, և կարծում են, որ այդ օրը Ֆլորենցիան վերածվում է իսկական հեքիաթային քաղաքի:
Ֆլորենցիան համարվում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Նույնիսկ կարծիք կա, որ նա, ով եղել է Իտալիայում, սակայն չի այցելել Ֆլորենցիա, չի տեսել երկիրն իր ողջ հմայքով:










