ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեղադրել է ԱԽ-ին Սիրիայի հարցում անգործության մեջ

08:40 • 06.09.12

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խիստ քննադատության է ենթարկել Անվտանգության խորհրդին՝ մեղադրելով վերջինիս Սիրիայի խնդրի կարգավորման հարցում անգործության մեջ, հայտնում է Agence France-Presse-ը:

 

 


Բան Կի Մունի խոսքով՝ «ԱԽ-ի կաթվածահար լինելը ցավ է պատճառում սիրիացի ժողովրդին», ինչպես նաև թուլացնում է վստահությունը կառույցի հանդեպ: «Մենք չենք կարող մի կողմ քաշվել, երբ բռնությունը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ ճգնաժամն ընդլանվում է (Սիրիայի) սահմաններից դուրս»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


 

Նա վստահություն է հայտնել, որ այն երկրները, որոնք զգալի ազդեցություն ունեն խորհրդում, ուղիներ կփնտրեն հարցը շուտափույթ կարգավորելու համար:

 

Իրավապաշտպանների գնահատականներով՝  կառավարական զորքի ու ընդդիմադիրների միջև ավելի քան 17 ամիս տևող բախումների հետևանքով զոհվել է շուրջ 24 000 մարդ, մոտ 1,2 մլն-ն էլ դարձել է փախստական:

 

ՄԱԽ-ի ԱԽ-ում բազմիցս փորձեր են արվել Սիրիայի հարցով բանաձևեր ընդունելու ուղղությամբ, սակայն դրանք տապալվել են՝ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից բանաձևերի վրա արգելք դնելու պատճառով: