ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ալիևին կասի՝ նման հանցագործությունը չի՛ կարելի փառաբանել

13:59 • 06.09.12

ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի որոշումից՝ ներում շնորհել ադրբեջանցի սպա, մարդասպան Սաֆարովին, քանի որ այդ որոշումը վտանգում է երկկողմ վստահությանը: Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ հրավիրված մամուլի ասուլիսում:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրեց, որ վաղը ինքն այս պարզ ու ակնհայտ ուղերձը կփոխանցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։


«Այս ահավոր ողբերգական միջադեպը, որը տեղի էր ունեցել 8 տարի առաջ՝ հանցագործություն էր, և այդպիսի հանցագործությունը չպետք է փառաբանվի, այլ՝ ընդհակառակը»,- ասաց Անդերս ֆոգ Ռասմուսենը:


Նա ավելացրեց, թե այս ամենին զուգահեռ չպետք է վերադառնալ հակամարտությանը. «Մենք չպետք է վերադառնանք այս տարածաշրջանում հակամարտության: Անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, անհրաժեշտ է տարածել խաղաղություն՝ և՛ համագործակցության, և՛ հաշտեցման միջոցով: Ես այդ ուղերձը վաղը հստակորեն փոխանցելու եմ Ադրբեջանի նախագահին»։


Անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին՝ Անդերս ֆոգ Ռասմուսենը նշեց, որ Հայաստանը գնահատելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, ինչը նրա խոսքով՝ փոխադարձ է:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրեց «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի մասնակցությունը մասին։


«Մենք շատ ենք միասին աշխատել Աֆղանստանում, Կոսովոյում, և այժմ ունենք հնարավորություն մեր միջև կառուցելու է՛լ ավելի ուժեղ գործընկերություն և դա մի հնարավորություն է, որը պետք է մենք՝ երկու կողմերս էլ օգտագործենք: Մենք երկուսս էլ դրանից շահելու եք, դրանից կշահի նաև ամբողջ տարածաշրջանը»,- նշեց նա:

 

Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի