ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի միգրացիոն հարցերով նախարարին

12:43 • 07.09.12

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երևան է ժամանել մասնակցելու «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին:

 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաև հավելել է, որ պարբերական հանդիպումները իր շվեդ գործընկերոջ՝ Կարլ Բիլդտի հետ հնարավորություն են ընձեռում ապահովել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության պարբերականությունը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Բիլսթրյոմը նույնպես նշել է, որ Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր և գոհունակություն հայտնել երկկողմ ակտիվ զարգացող փոխգործակցության առնչությամբ, ապա ընդգծել, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն համագործակցությունը նաև միգրացիոն բնագավառում:



Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը միգրացիայի բնագավառում:


Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի դրույթների իրագործմանը, ինչպես նաև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին: