Դամասկոսի մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել կառավարական ուժերի ու ընդդիմադիրների միջև

10:37 • 07.09.12

Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև 1,5 տարուց ավելի տևող զինված հակամարտությունը շարունակում է լարվածության մեջ պահել արաբական պետության խոշորագույն քաղաքները:

 

Մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում` Սիթ- Զեյնաբ մզկիթի մոտ, դաժան փոխհրաձգություն է տեղի ունեցել հակամարտող կողմերի միջև, ինչին նախորդել է ընդդիմադիրների հարձակումն այդ հատվածում տեղակայված զինվորական բլոկպոստի վրա: Միջադեպի հետևանքով 4  զինվոր է զոհվել: Բացի այդ, բախումներ են տեղի ունեցել նաև քաղաքի Քադամ և Ասալի թաղամասերում:

 

Ինչ վերաբերում է Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպին, ապա այստեղ երկօրյա կատաղի մարտերից հետո համեմատաբար հանգստություն է տիրում:

 

Շվեյցարական Ժնև քաղաքի Ազգերի պալատում այսօր կանցկացվի ՄԱԿ-ի նախաձեռնած մարդասիրական համաժողովը, որը նվիրված է Սիրիայում տիրող ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանը: