Հայոց լեզվի պատմության հիմնահարցերի անվճար դասընթաց Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանից
Հոկտեմբերի 1-5-ը Երևանում տեղի կունենա հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված անվճար դասընթաց, որը կվարի Լեյդենի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Հրաչ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է «Հայկական գիտական համագործակցություն» (ARMSCOOP) գիտական ցանցը:
Մարտիրոսյանը Հայագիտական ուսումնասիրությունների ասոցիացիայի անդամ է, Հայերենագիտական գիտաժողովի (2003, Լեյդեն, Նիդերլանդներ) համակազմակերպիչ, մի քանի աշխատությունների հեղինակ, դասախոսել է Միչիգանի և Օքսֆորդի համալսարաններում:
Դասընթացի նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը` հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ` միջին հայերեն ու բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին:
Դասընթացի նյութերը կտրամադրվեն բոլոր մասնակիցներին: Երևանից բացի, հոկտեմբերի 23-ից 26-ը դասախոսություններ են նախատեսվում նաև Վանաձորում: Այժմ քննարկվում է նաև դասընթացը առցանց ռեժիմում մատչելի դարձնելու հավանականությունը:
Դասընթացի հիմնական բովանդակությունը`
1) Ընդհանուր տեղեկություններ հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին. նախալեզվի վերակազմության սկզբունքները
2) Հնդեվրոպական նախահայրենիքի խնդիրը
3)Հնդեվրոպական հնչույթաբանական համակարգի արտացոլումը հայերենում
4)Հնդեվրոպական ձևաբանական համակարգի արտացոլումը հայերենում
5) Հայերենի բարբառները և նրանց դասակարգումը
6) Բառաքննություն և ստուգաբանություն
7) Լեզու, հասարակություն, մշակույթ
Դասընթացում զգալի դեր են խաղալու գործնական աշխատանքները և վարժությունները, որոնք կօգնեն առարկայական կերպով յուրացնել հնչյունական կարևորագույն օրինաչափությունները և ստուգաբանական հիմնական սկզբունքները:
Այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ Հայկական գիտական համագործակցության կայքում` հետևյալ հղումով:










