Հայաստանի անվտանգությունը հայերի խնդիրն է. Արմեն Մարտիրոսյան
Ռամիլ Սաֆարովի արտահանձման հարցում Հայաստանը պետք է բարոյական գնահատականները տալուց հրաժարվի և անցնի գործնական քայլերի. այս համոզման է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Որովհետև դա առանձին անհատի հետ կապված վիճակ չէ, մենք գործ ունենք երևույթի հետ, որը կոչվում է ռասիզմ, հայատյացություն և ազգային անվտանգություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ելնելով Ադրբեջանի քաղաքական մտադրությունից, Հայաստանի ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է, ուստի նրա պնդմամբ՝ Հայաստանի անվտանգությունը հայերի խնդիրն է: «Հայաստանը չպետք է հավատա որևէ մեկի խոսքին և հասկանա, որ իր ֆիզիկական գոյությունը բացառապես իր խնդիրն է լինելու, այն իրականացվելիք քայլերը պետք է բխի այս սկզբունքից»,- ասաց նա:
Միաժամանակ Արմեն Մարիտիրոսյանը նկատում է, որ Հայաստանը պետք է համագործակցի տարբեր պետությունների հետ նաև միջազգային անվտանգության ձևաչափերում լինելով անվտանգության ոչ թե սպառող, այլ արտադրող:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը համաձայն է ՀՀ նախագահի՝ խնդրի առնչությամբ «վերցրած բարձր նոտայի» հետ, այն է՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցում: Մինչդեռ ըստ նրա, ի տարբերություն ՀՀ նախագահի ՀՀ ԱԺ-ն այդ համարձակությունը չունեցավ, հայտարարության մեջ ներառելու ԼՂՀ ճանաչման հարցը:
«ԼՂՀ ճանաչումը կամ հարցի ներառումը օրակարգ այն ճանապարհն էր, որ հնարավորություն էր տալու Հայաստանին պաշտպանել իր ազգային շահը: Արդեն պարզ է, որ Ադրբեջանը երբևիցե չի հրաժարվելու այս թշնամական մթնոլորտից, պետք է ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել և ապա ռազամական դաշինք կնքել ԼՂՀ-ի հետ»,- նշեց նա:
Բանախոսն այն կարծիքին չէ, որ եթե Հայաստանը ճանաչեր ԼՂՀ –ն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսեր: «Ադրբեջանը ամեն պահի կսկսի պատերազմական գործողություններ, եթե վստահ լինի, որ այդ պատերազմում կհաղթի»,- ասաց նա և նշեց, որ ճանաչելով ԼՂՀ-ն՝ Հայաստանը արդեն կսկսեր նրա միջազգային ճանաչման գործընթացը:
Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով միջազգային գնահատականներին՝ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու հետ կապված, նշեց, որ դրանք երկու խմբի կարելի է բաժանել, երբ որ դրանք հնչեցին շատ հստակ, երբ հնչեցին լղոզված:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունն ընդհանուր առմամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը դրական գնահատեց, երբ նա հստակ նշել էր, որ նաև այսօր Ադրբեջանի նախագահին կասի, որ մարդասպանին չեն փառաբանում: Իսկ այն տեսակետին, թե ՆԱՏՕ-ն և Հունգարիան մեղավորություն չունեն այս հարցում՝ Արմեն Մարտիրոսյանը համակարծիք չէ:










