Ս. Սարգսյանը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է Սաֆարովի միջադեպին

13:56 • 07.09.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին, որոնց հետ հանդիպմանն անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, Ադրբեջանում նրա հերոսացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։


Ըստ նախագահական գրասենյակի կայքի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:


Նախագահ Սերժ Սարգսյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, երկրում ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին ձեռնարկված քայլերն ու ապագային միտված ծրագրերը:


«ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի սկզբունքները և անվտանգության համապարփակ ընկալումն ամբողջովին համահունչ են մեր պատկերացումներին»,– ասել է Սերժ Սարգսյանը։


Նա նշել է, որ Հայաստան այդ կառույցի շրջանակներում համաձայնել է, որ որևէ երկրի անվտանգություն չի կարող ապահովվել այլ երկրի անվտանգության հաշվին:


«Մենք բարեխղճորեն կատարում ենք մեր բոլոր հանձնառությունները: Բայց վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ստիպում է մեզ լրջորեն մտածել մեր որոշ մոտեցումների փոփոխության մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանում անհապաղ արդարացվեց վայրենի հանցագործություն կատարած մի անձնավորություն, և այս իրադարձությունը, իհարկե, ցավոք սրտի, մեր կարծիքով, վերջինը չէ»– ընդգծել է նա:


Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2007թ. Մինսկի խումբն առաջարկեց ԼՂ խնդրի կարգավորման իր տարբերակը: Նախագահը նշել է, որ շատերը կհիշեն, թե ինչպես էր Ադրբեջանը հրաժարվում այդ փաստաթղթից, այնուհետև՝ դեկլարատիվ հայտարարություն արեց, որ այդ փաստաթուղթն, ընդհանուր առմամբ իր համար ընդունելի է, այնուհետև սկսեց սեփական մեկնաբանությունները տալ սկզբունքներին:


«Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել ինքնորոշման իրավունքը: Հիշում եք, թե ինչպես էին նրանք փորձում մեկնաբանել «ռեֆերենդում» հասկացողությունը: Եվ սկսվեց մի ներկայացում, որի ողջ իմաստը կայանում էր հետևյալում՝ ձգել ժամանակ, կուտակել սպառազինությունների մեծ պաշար և հարմար պարագաներում ռազմական ճանապարհով փորձել լուծել ԼՂ խնդիրը»,– նշել է նա:


«Մեր կարծիքով, մարդասպանին արդարացնելու նպատակը կայանում է ոչ թե նրանում, որ Ալիևին անհրաժեշտ է հեղինակություն բարձրացնել իր երկրի ներսում, այլ սա մի փորձ է փորձարկելու միջազգային հանրության արձագանքները Ադրբեջանի արտառոց քայլերին: Հակառակ պարագայում, ես կարծում եմ, որ Ադրբեջանում, այդ թվում՝ նաև ղեկավար կազմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող էին շատ պարզ տեսնել, թե ինչ հետևանքների կարող է բերել այսպիսի քայլը»,– նշել է Սերժ Սարգսյանը։


ՀՀ նախագահն ավելացրել է, որ միջազգային հանրության համբերության այդ փորձարկումը վաղուց է սկսվել, երբ ադրբեջանցիները տարիներ առաջ սկսեցին կոպտորեն խախտել սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները և երբ որևէ մեկը չարձագանքեց այս կոպիտ խախտումներին:


«Մեր բոլոր զգուշացումներին, մեր բոլոր խնդրանքներին և՛ համանախագահներին, և՛ մնացածներին, որ սա վատ գործընթացի սկիզբ է, ստանում էինք անընդունելի պատասխաններ: Իսկ պատասխանը հետևյալն է՝ որ Ալիևի այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար»,– ասել է նա:


Նախագահի խոսքով՝ հայտարարությունների այդպիսի խզվածություն ներքին և արտաքին սպառման համար ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ, և չի կարող մարդը մինչև օրվա կեսը մտածել մի կերպ, երկրորդ կեսին՝ մեկ այլ կերպ:


«Եվ տեսնելով այս հանդուրժողականությունը՝ Ալիևը արդեն հայտարարություններից անցավ գործողությունների: Եվ առաջին գործողությունը կայացավ նրանում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի տարածաշրջան այցելության ժամանակ ոչ միայն արդեն շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպեցին մի քանի դիվերսիոն գործողություններ: Եվ էլի արձագանքը թույլ էր: Հիմա մենք վկան ենք այս արտառոց փաստի: Եվ ինչպես ասացի, ցավոք, սա վերջը չէ»,– ընդգծել է Սերժ Սարգսյանը:


«Գիտեք, ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ: Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետևանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաև մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որևէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ: Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: Այսպես` ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը»– եզրափակել է նա: