Հայաստանը ներդնում է աղքատությունը վերացնելու նոր համակարգ. սոցապ նախարարություն

16:09 • 07.09.12

Հայաստանը ներդնում է աղքատությունը վերացնելու նոր համակարգ. այսօր հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:


Տեղեկացնենք, որ հանդիպումը կազմակերպել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայության նախարարությունը, «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցացիան և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը:

 

Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի ներդրման ծրագրեր:

 

ԱԺ ՀՀ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ գործող համակարգը նպատակաուղղված է աղքատության հաղթահարմանը, բայց քանի որ այն լիարժեք չի կատարվում, ըստ նրա, հարուցում է բնակչության արդարացի դժգոհությունը. «Գործող համակարգով մենք գտնում ենք աղքատ մարդկանց և նրանց գումար ենք տալիս, ինչն արդարացիորեն դժգոհություն է առաջացնում: Բնականաբար, քննարկումների արդյունքում մենք ուզում ենք հրաժարվել այս համակարգից: Մեր նպատակն է ոչ թե օգնել մեղմացնելու աղքատությունը, այլ օգնել քաղաքացուն, որ ինքը կարողանա վերացնել իր իսկ աղքատությունը, դրա համար գնում ենք կառավարման նոր համակարգի ներդրման»,- նշեց Հակոբ Հակոբյանը:

 

ԱԺ ՀՀ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նաև ավելացրեց, որ նոր համակարգի ներդրմամբ, կփորձեն գտնել պատճառը, թե ինչո՞ւ է մարդն աղքատ, գտնել լուծումը և աղքատին դարձնել հարկատու անձ:

 

«Սա ժամանակի հարց է, տնտեսական ռեսուրսների խնդիր»,- նշեց նա և օրինակ բերեց, թե Արարատի մարզում մարդուն կտրվի խաղողի մշակման հնարավորություններ և հենց կտեսնեն, որ նա կարողանում է ինքնուրույն արտադրել՝ հարցը լուծված կհամարեն:


«Ծրագրի համար սկզբում ներդրում է պետք անել, հետո արդեն կամաց-կամաց աղքատության նպաստները կնվազեն»,- ասաց Հակոբ Հակոբյանը և նկատեց, որ գործող համակարգում նպաստառուների թիվը 10 տարվա ընթացքում աճել է երկու անգամ:


«Այսպես որ գնա, ավելի կաճեն, պետք է նվազեցնել»,-նկատեց նա:

 

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը ներկայացրեց նաև երկրորդ ծրագրի նպատակը, որն ուղղված կլինի փոքր քաղաքներում մարդկանց օգնություն ցուցաբերելուն.«Փոքր քաղաքներում, շատ մտածելու բան ունենք: Այս քաղաքներում սոցիալական վիճակը վատ է, մարդիկ միշտ բողոքում են: Նրանք չեն աշխատում ոչ թե նրա համար, որ աշխատանք չկա, այլ որովհետև չեն գտնում իրենց տեղը»,- նշեց նա:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ նախարարությունն ունի տարբեր սոցիալական ծառայություններ մատուցող մարմիններ, ինչն էլ պատճառ է դառնում, որ քաղաքացին պարտադրված լինի իր դիմումը ներկայացնել մի քանի տեղ ու ամբողջական լուծում չստանա:


«Այս համակարգի առաջին քայլը կլինի մեկ պատուհանի համակարգի ներդրումը, այսինքն՝ ներկայացվում է մեկ դիմում և սոցիալական ծառայության մարմինները դրա հիման վրա կմատուցեն ծառայություններ »,-ասաց նախարարն ու նշեց, որ հաջորդ կարևոր խնդիրը տեղեկատվական ինտեգրումն է:

 

«Այսինքն, հավաքել տեղեկատվություն և քաղաքացու կարիքի գնահատման վրա ձևավորել սոցիալական գործ՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի»,- ասաց նախարարը:



Ի դեպ, սեպտեմբերից կառավարման փորձնական ծրագիրը կներդրվի Արարատի մարզում: Նախարարը հույս հայտնեց, որ 3-4 տարիների ընթացքում 55 նման կենտրոններ կստեղծվեն:


Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պատասխանատու Ժան Միշել Հափին իր հերթին հավաստիացրեց, որ Հայաստանի հետ իրենց համագործակցությունը շարունակական է լինելու:


Նա հույս հայտնեց, որ իրենց մասնակցությունը ծրագրին ոչ միայն ֆինանսական, այլև գաղափարական առումով դրական դեր կունենա:

 

 

 

 

Նոր համակարգի ներդրմամբ, կփորձեն գտնել պատճառը, թե ինչո՞ւ է մարդն աղքատ, գտնել լուծումը և աղքատին դարձնել հարկատու անձ. ասաց ԱԺ ՀՀ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը