Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի. հանուն լեռների պատերազմը սարերի հետևում չէ՞. Свободная Пресса

09:09 • 07.09.12

Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է զինված հակամարտություն առաջացնել, գրում է Свободная Пресса-ն իր «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի. հանուն լեռների պատերազմը սարերի հետևում չէ՞» վերնագրով անդրադարձում:


«Հայաստանի Ազգային ժողովը մտադիր է Կոսովոյի սկզբունքով ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը: Այս քայլը պայմանավորված է Հունգարիայի՝ Բաքվին ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշումով, որը Բուդապեշտում ցմահ ազատազրկման էր դատապարտված հայ սպայի սպանության համար»,- գրում է СП-ն և մանրամասն ներկայացնում 2004-ի գազանաբարո հանցագործությունն ու հետագա զարգացումները:


Աղբյուրը գրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ պարբերական բնույթ կրող ռազմատենչ հայտարարությունների մասին` նշելով, որ Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն մեկ ու կես անգամ գերազանցում է ամբողջ Հայաստանի բյուջեն: Ալիևի իսկ հայտարարության համաձայն՝ 2003-ի իր 160 մլն ԱՄՆ դոլար ռազմական ծախսերը Ադրբեջանը 2010-ին հասցրել է 2, 150 մլրդ-ի, 2011-ին՝ 3, 300 մլրդի:


Իսկ ԼՂՀ անկախության ճանաչումով պայմանավորված՝ Անդրկովկասում հնարավոր պատերազմի հավանականության հարցը Свободная Пресса-ն քննարկել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր, 1-ին աստիճանի կապիտան Կոնստանտին Սիվկովի հետ:


«Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը՝ այդ պետությունն անկախ ճանաչելու միջոցով, կդառնար ամենաարդյունավետ ելքերից մեկը այն հավիտենական վեճից, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա փոխզիջումային որոշում կլինի», - ասել է Սիվկովը:


Նա անմիջապես նկատում է նաև հետևյալը. «Խոսելով Ադրբեջանի կողմից զենք թնդացնելու մասին, հարկ է ասել, որ նրա ժողովուրդը ամենալավ ժամանակները չէ, որ ապրում է հիմա: Նման պայմաններում Ալիևի անկում ապրող հեղինակությունը բարձրացնելու միակ միջոցը կարող է դառնալ փոքրիկ հաղթական պատերազմը: Սա տապալում ունեցած բոլոր ռեժիմների հայտնի պատմությունն է, երբ ներքին խնդիրները փորձում են լուծել փոքրիկ ռազմական հաղթանակով: Կան նշաններ, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է խոսքից գործի անցնել»:


Ռազմական գործիչը նկատում է՝ թե ռազմատենչ Ադրբեջանի, թե Հայաստանի բանակները «Խորհրդային Միության Զինված ուժերի բեկորներն են»: Իսկ Ռուսաստանը այդ երկրների հետ շարունակում է ակտիվորեն համագործակցել ռազմա-տեխնիկական ոլորտում, քանի որ հակառակ դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կանցնեն ՆԱՏՕ-ի սպառազինության նմուշներին:


«Կանխատեսումներ» անելով պատերազմի հավանականության դեպքում հաղթող կողմի վերաբերյալ՝ Սիվկովը նկատում է, որ ցանկացած պատերազմում վճռորոշ դեր է խաղում զինվորների մարտական ոգին, իսկ «հայերի բարոյական ոգին շատ ավելի բարձր է»: «Ավելին, - շարունակում է փորձագետը, - ադրբեջանցիները՝ որպես զինվոր, պատմականորեն ոչ ամենալավ ձևով են դրսևորել իրենց: Մասնավորապես՝ Մեծ Հայրենական պատերազմի փորձից»: Սիվկովը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ, չնայած Բաքվի քանակական և տեխնիկական առավելությանը, Լեռնային Ղարաբաղի տարածքը «զորքերի ոչ մեծ օպերատիվ տարողութնակություն ունի: Լեռնային լանդշաֆտով պայմանավորված՝ այնտեղ առավելագույնը 2-3 դիվիզիա կարող է տեղակայվել: Կողմերից յուրաքանչյուրն այդքան էլ ունի»: Սակայն, մյուս կողմից, «երկու պետությունների ուժերը հակադրել՝ նկատի չառնելով Ռուսաստանին՝ որպես ռազմական խաղորդի, ճիշտ չէ»: Ավելին՝ «Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Բանակում է՝ Հայաստանի վրա հարձակման դեպքում մենք պարտավոր ենք նրան ռազմական օգնություն տրամադրել: Դրանից բացի, Հայաստանը մեզ հետ հակահրթիռային պաշտպանության նույն համակարգում է, որի հետ անխուսափելիորեն կբախվի Բաքուն: Ուստի հիմա Երևանի հետ պատերազմի մեջ մտնելը Բաքվի համար մահվան նման կլինի», - ընդգծում է Սիվկովը: Նա առհասարակ նվազ հավանական է համարում պատերազմը, որը գուցե ավելի իրական կլինի Իրանի վրա հարձակման դեպքում: