Իսպանահայության բողոքը հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի կապակցությամբ (լուսանկարներ)

10:16 • 07.09.12

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Հունգարիայի դեսպանության առջև 2012թ. սեպտեմբերի 6-ին կայացել է բողոքի ցույց` ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռ.Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, այնուհետ` ազատ արձակվելու կապակցությամբ:

 

Իսպանահայությունը ներկայացնող Մադրիդի հայ երիտասարդների միության, Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի և Իսպանիայի Հայ ազգային խորհրդի առաջնորդությամբ ցուցարարները շղթա կազմելով Հունգարիայի դեսպանության առջև, ցուցանակների և բարձրախոսի միջոցով իրենց վրդովմունքն ու բողոքն են արտահայտել հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի կապակցությամբ:

 

Հունգարիայի դեսպանության շրջակայքում հավաքված իսպանացի և այլազգի հասարակությանը բաժանվել են կատարվածը լուսաբանող թռուցիկներ: Ցույցի վերջում համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Իսպանիայում Հունգարիայի դեսպանության հյուպատոսը, որին փոխանցվել է համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-հռչակագիրը:


Հուշագրում, մասնավորապես, Հունգարիայի իշխանություններից պահանջվել է ճանաչել իրենց կողմից գործած կոպիտ սխալը և համապատասխան քայլեր ձեռնարկել` վերականգնելու ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրի բարի համբավը:

 

Հունգարացի դիվանագետն իր երկրի Կառավարության անունից ափսոսանք է հայտնել Ադրբեջանի ղեկավարության կողմից հանցագործին ազատ չարձակելու խոստումը դրժելու կապակցությամբ: