ՄԱԿ-ում կարծում են, թե Գուրգեն Մարգարյանին «գնդակահարել են», վեճն էլ Ադրբեջանի և Հունգարիայի մեջ է

10:39 • 07.09.12

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Մարտին Նեսիրկին հարցուպատասխան է անցկացրել, որի ընթացքում փոխանցել է Պան Գի-մունի մի շարք հայտարարություններ և տեղեկացրել ՄԱԿ-ում նոր նշանակումների մասին: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից:

Սիրիայի խնդրի, Բահրեյնում մարդու իրավունքների, սննդի գների և այլնի հետ մեկտեղ Նեսիրկին խոսել է նաև «Սաֆարովի գործի» մասին:

 

Ցավոք, հայտարարությունը վերհանում է մի շարք հարցեր, որոնք թվում է պետք է առաջնահերթ մտահոգության առարկա դառնան տեղական դիվանագիտական շրջանակների համար: Հայտարարությունից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ում այնքան էլ տեղյակ չեն խնդրի էությանը: Գլխավոր քարտուղարի խոսնակին,  մասնավորապես, հարց է ուղղվում. «Հունգարիայի և Ադրբեջանի միջև վեճ է առաջացել այն բանի շուրջ, որ ՆԱՏՕ-ի մի զինվոր մեղադրվել է ՆԱՏՕ-ի մեկ այլ զինվորի գնդակահարելու համար…»:



Փաստորեն ՄԱԿ-ում կարծում են, թե «մեկ այլ սպայի» (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին) «գնդակահարել են»: ՄԱԿ-ի դեպքում նման բացթողումն անթույլատրելի է: Պարզ է դառնում նաև, որ Հայաստանը՝ որպես «կողմ» կամ նկատի չի առնվում, կամ չի ընկալվում որպես այդպիսին. խնդիրը ներկայացվում է «վեճ» «Հունգարիայի և Ադրբեջանի միջև»: Ստացվում է նաև, թե ոճրագործն ազգություն ունի, զոհը՝ ոչ: Ավելին՝ պարզվում է նաև, որ Սաֆարովն ընդամենը «մեղադրվել է»:

 

Պատասխանելով՝ Նեսիրկին հաջորդիվ մասնավորապես ասում է. «Գլխավոր քարտուղարը մտահոգ է պարոն Սաֆարովի գործի շուրջ զարգացումներով՝ 2012-ի օգոստոսի 31-ին նրան Ադրբեջան տեղափոխելուց և Ադրբեջանի իշխանությունների կողմից դրան հաջորդած ներում շնորհելուց ի վեր: ՄԱԿ-ն ընդգծում է, որ անդամ երկրները պետք է քրեական գործերի դեպքում հավատարիմ մնան օրենքի գերակայության միջազգային ստանդարտներին և սկզբունքներին, որպեսզի ապահովվի պատասխանատվության կրում և պայքարվի անպատժելիության դեմ:

 

Ինչպես իրենց վերջին հայտարարության մեջ ընդգծել են ԵԱՀԿ-ի համանախագահները, մենք հուսով ենք, որ խնդիրը վնաս չի հասցնի Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացին և կողմերի միջև վստահությանը միմյանց հանդեպ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրաք չկա: Սա կարող եմ ասել ձեզ»:

Tert.am-ի խնդրանքին, մեկնաբանել ՄԱԿ-ի այս «սայթաքումները, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց՝ ասելով որ հարցադրման հասցեատերը ՄԱԿ-ն է:

Դավիթ Պ. Վարդազարյան