Բարաք Օբաման համաձայնվել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու
Ամերիկյան Շառլոթ քաղաքում անցկացված Դեմոկրատական կուսակցության համագումարում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Բարաք Օբաման ընդունել է նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկը, հայտնում է vz.ru-ն:
«Ես ընդունում եմ ձեր առաջարկը և կպայքարեմ նախագահի պաշտոնի համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ դիմելով կուսակցության պատվիրակներին:
Այս շաբաթասկզբին 51-ամյա Օբամայի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:
Գործող նախագահն իր ելույթում վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում կանի հնարավորը երկրի հետագա բարգավաճման ու զարգացման համար՝ առաջնորդվելով բացառապես ամերիկացիների շահերով: «Մեր խնդիրները կարող են լուծվել: Մեր առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել»,- ասել է դեմոկրատների թեկնածուն:
Սեպտեմբերի 6-ի երեկոյան համագումարի մասնակիցները հաստատել են նաև Ջոզեֆ Բայդենի թեկնածությունն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում:
Նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատ Օբամայի հանրապետական մրցակիցը կլինի Միթ Ռոմնին:










