Էդ թուլի երեսի՞ց Հայաստանն ու Ադրբեջանը պիտի պատերազմ սկսեն. Վիտալի Բալասանյան

10:50 • 07.09.12

Արցախի հերոս, 2012 թ. հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում նախագահի թեկնածու առաջադրված գեներալ Վիտալի Բալասանյանը այն կարծիքին չէ, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով Ադրբեջանը ոչ պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստ է պատերազմի, քանի որ այդ քայլն ուղղված է ավելի շատ ներքին սպառմանը։ 


«Մի՛ հա-վա- տա-ցեք էդ հեքիաթներին: Ադրբեջանը միշտ էլ պետք է իրա ազգը, ժողովուրդը դաստիարակի (ներքին քարոզչություն իրականացնի – Tert.am) և իշխանություն պահեն: Ինչ՞ պատերազմի մասին է խոսքը: Էդ թուլի երեսից պիտի պատերա՞զմ սկսեն»,- Tert.am-ին ասաց Վիտալի Բալասանյանը:


Նշենք, որ այսօր արցախյան պատերազմի հերոս, «Սասուն» ջոկատի նախկին հրամանատար Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում մեկնաբանելով, թե ինչ է նշանակում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ասել էր, որ սա նշանակում է մեկ բան. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել`առանց հետևանքների մասին մտածելու և որ մենք ազգովի պետք է գիտակցենք, որ պատերազմի վտանգն ամեն պահի կա. վաղը, մյուս օրը, թե մեկ-երկու տարի հետո:


Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին հայտարարության ընդունման ժամանակ մի քանի հանրապետական պատգամավորներ այս քայլը համարեցին Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ոչ պաշտոնապես, բայց պատերազմ հայտարարելու հնարավորության վկայություն, իսկ պատգամավոր Համլետ Հարությունյանն օրինակ՝ առաջարկեց նախապատրաստվել այն մտքին, թե «Ադրբեջանը մեզ պարտադրելու է հայրենական պատերազմ»:


Վիտալի Բալասանյանին, կարծես, նյարդայնացնում է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Հայաստանի, Սփյուռքի ու ԼՂ տարբեր հասարակական, քաղաքական, մշակութային, կրթական, մարզական և այլ շրջանակների կողմից հրապարակված կարծիքների առատությունը, քանի որ ասաց. «Արդուկն էլ միացնում ես՝ Սաֆարովից է խոսում, արհամարհե՛ք թող գնա, ինչ ա եղել: Մեր դեսպանությունները պետք է համարժեք արձագանք տան, ու եզրափակվենք, արհամարհենք ու էդ էջը լրիվ փակենք»։


Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում Ադրբեջանը վաղուց կհարձակվեր։ Ըստ Բալասանյանի՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ եթե այն ժամանակ, երբ Ղարաբաղը գտնվում էր ոչ թե սոսկ շրջափակման, այլ կրկնակի, եռակի, քառակի շրջափակման մեջ, Ադրբեջանը չի կարողացել պահել բալանսը, որի արդյունքում պետք է Ղարաբաղը հայաթափվեր։ Այնպես որ, գեներալը կոչ է անում մոռանալ, որ Ադրբեջանը կարողանա պատերազմական գործողություններ իրականացնել և դրա հետևանքում ունենալ ազատագրված Ղարաբաղ:


Հիշեցնենք, որ CNN-ը, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ներման փաստին, գրում է, որ դա պատերազմի վտանգ է առաջացրել է: