ԵԽ-ն մոտ օրերս հանդես կգա Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող բանաձևով. ԵԽ պատգամավոր
Փարիզի հունգարական դեսպանատան առաջ սեպտեմբեր 6-ի երեկոյան տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և Բաքվի իշխանությունների կողմից մարդասպանին ներում շնորհելու անարդար որոշման դեմ:
Ինչպես հայտնում է Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Յառաջ» թերթը, հետզհետե խտացող և, հիմնականում, երիտասարդներից բաղկացած բողոքի ցույցի մասնակիցների թիվն անցել է 500-ը:
Տեղեկացնենք, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդն (CCAF) էր:
Հայ Դատի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Դանիա Պապանազարյանը բողոքի մասնակիցներին է ներկայացրել կազմակերպված ցույցի նպատակը՝ ամեն ինչ անել, որպեսզի հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը կրկին հայտնվի բանտում և կրի դատարանով նախատեսված արժանի պատիժը:
Հիշեցնենք, որ 2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման, 30 տարով՝ առանց ներման թույլտվության։
Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մ. Փափազյանն ու Ա. Թորանյանը բողոքի մասնակիցների պահանջն ամբողջացնող նամակը Հունգարիայի դեսպանին հանձնելու նպատակով, ոստիկանության թույլտվությամբ, մուտք են գործել Հունգարիայի դեսպանատուն: Հայկական պատվիրակները հետ վերադառնալով հավաքվածներին տեղեկացրել են, որ հանդիպում է տեղի ունեցել դեսպանատան պատասխանատուներից մեկի հետ, ում և հանձնվել է բողոք-նամակը:
Ցույցի մասնակիցները պարզել էին մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու փառաբանումը դատապարտող ցուցատախտակներ, միաժամանակ, վանկարկելով ՝ «Մարդասպանը ազատագրված է, արդարադատությունը՝ ոտնակոխ է արված», «Բանտարկությո՛ւն՝ Սաֆարովին»:
Հաջորդաբար ելույթ են ունեցել Եվրոպայի խորհրդի պատգամավոր Միշել Ռիվազին, Մ. Փափազյանը, Ա. Թորանյանը, CCAF-ի ընդհանուր նախագահ Ա. Կեովջյանը: Ելույթ ունեցողները դատապարտել են Հունգարիայի և Ադրբեջանի գաղտնի գործարքը:
Միշել Ռիվազին հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը մոտ օրերս հանդես կգա Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող բանաձևով:










