Մահացել է դերասան Ալեքսանդր Բելյավսկին. վարկածներից մեկի համաձայն՝ նա ինքնասպան է եղել
Մոսկվայում, 80 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Դաշնության հայտնի դերասան Ալեքսանդր Բելյավսկին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մոսկվայի առողջապահության վարչությանը:
«Դերասանը նետվել է երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից այսօր ժամը 13.15-ին: 13.27 րոպեին դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն նրանց չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են վարչությունից:
Ըստ դերասանի մտերիմների՝ Բելյավսկին վերջերս ուղեղի կաթված էր ստացել և չէր կարողանում աշխատել:
Իր հերթին, իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Բելյավսկին հանկարծակի է ընկել պատուհանից, քանի որ վատացել է ինքնազգացողությունը:
ՌԴ ժողովրդական արտիստին մեծ հեղինակություն է բերել, մասնավորապես, «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում քրեական հեղինակություն Ֆոքսի դերը: Նա խաղացել է նաև «Բաղնիքդ անուշ կամ ճակատագրի հեգնանքը» սիրված ֆիլմում:










