Իրանի խորհրդարանի խոսնակը Կանադա նախատեսվող այցելությունը չեղյալ է հայտարարել
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին չեղյալ է հայտարարել Կանադա նախատեսվող այցելությունը կապված Օտտավայի կողմից Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու որոշմամբ, հաղորդում է «Ասոշիեյթիդ Փրեսս» գործակալությունը, հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին:
Լարիջանին մտադիր էր Կանադա մեկնել հոկտեմբերի կեսերին օտարերկրյա խորհրդարանների խոսնակների համաժողովին մասնակցելու նպատակով:
Այցը չեղյալ հայտարարելու որոշումը կայացվել է ի նշան բողոքի կանադական իշխանությունների գործողությունների դեմ, նշում է գործակալությունը:
Նախօրեին Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդին հայտարարել էր Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների փակման մասին և պահանջել է, որ իրանցի դիվանագետները լքեն երկրի տարածքը 5 օրվա ընթացքում:
«Իրանի կառավարությունն ամենալուրջ վտանգն է ժամանակակից աշխարհի անվտանգությանն ու խաղաղությանը»,- ասվում էր Կանադայի արտգործնախարարի հայտարարության մեջ:
Բերդը Իրանին մեղադրել է Սիրիային զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև միջուկային ծրագիր մշակելու մեջ:
Իր հերթին Իրանի իշխանությունները Կանադայի գործողություններն անվանել էին «հապճեպ և էքստրեմալ», որոնց կհետևեն իրանական կողմի պատասխան քայլերը:
ԱՄՆ-ն, Իսրայելն ու մի շարք եվրոպական երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ: Սակայն Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ:










