Գերակա շահ ճանաչված Կողբացի 18/1 հասցեում մնացած վերջին շենքը նույնպես կքանդվի ( տեսանյութեր)

10:55 • 08.09.12

Երևանի Եզնիկ Կողբացի 18/1 հասցեի պետական կարիքների համար հանրային շահ ճանաչված տարածքի վերջին սեփականատերերը 6 տարի դատարաններում պայքարելուց հետո ստիպված են լքել իրենց բնակարանը:


«Օգոստոսի 20-ին վճռաբեկ դատարանից ստացել եմ գործի ետստացման մասին որոշում, որը կայացվել է օգոստոսի 8-ին: Այսինքն՝ դատարանը մերժել է մեր վերաքննիչ բողոքին ընթացք տալ, իբրև թե չի համապատասխանում ՀՀ օրենքին, ուստի մենք երկամսյա ժամկետում պետք է լքենք բնակարանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց կղզյակի վերածված տան բնակիչ Արմինե Մանուկյանը և նշեց, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ) արդեն ստացել են տարածքն ազատելու մասին նամակ:


Հիշեցնենք, որ Կողբացի 18 հասցեի կառուցապատող է ճանաչվել «Մակարետ» ՍՊԸ-ն, որն այս տարածքում շարունակվում է իրականացվել բազմաբնակարան բնակելի համալիրի շինարարական աշխատանքներ:


Ընկերությունը Արմինե Մանուկյանի ընտանիքին առաջարկել է 16 մլն դրամ: Բնակիչների խոսքով՝ փոխհատուցումը լիարժեք չէ և այդ պատճառով իրենք արդեն 6 տարի է դատարաններում փորձում են հաստատել իրենց պահանջը, սակայն այդպես էլ «արդարացի» լուծում չեն ստացել:


Արմինե Մանուկյանը նշեց, որ դեռևս 2005 թ-ին իրենք քաղաքապետարանից տեղեկանալով, որ իրենց բնակարանը իրացման գոտում չի գտնվում, կատարել են տան վերանորոգման աշխատանքներ, իսկ որոշ ժամանակ անց այն հայտարարվել է իրացման գոտի:


Բացի դրանից՝ տան համար բազմաթիվ չափագրումներ են կատարվել, որպեսզի հստակ որոշեն փոխհատուցման չափը, սակայն ամեն անգամ տարբեր թվեր են ներկայացվել, ի վերջո դատարանը առաջարկել է 20 միլիոն դրամ:


«Ուզում ես դու այս բակում շինարարություն անես, պարտավոր ես բնակչին համարժեք փոխհատուցում տալ: Այսօր քաղաքի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի գինը բոլորս էլ գիտենք հասնում է 65-70 000 դոլարի, իսկ մեր 3 սենյականոց տունը, որ քաղաքի սրտում է գնահատում են 40 հազար դոլար: Ես դրանով քաղաքի կենտրոնում կարա՞մ տուն առնեմ»,- հարցրեց նա:


Քանի որ գործը հայաստանյան բոլոր դատական ատյաններով անցել է, Մանուկյանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ մինչ այդ Արմինե Մանուկյանը մտավախություն հայտնեց, որ չեն կարող փողոցում նստել ու սպասել: Նա նշեց, որ այսքան տարի պայքարելուց հետո հուսահատվել են և որոշել են դիմել Եվրոպական երկրներ՝ ապաստան խնդրելու համար: