Մյունխենում Հունգարիայի հյուպատոսության առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել
Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր մի քանի տասնյակ հայեր Հունգարիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպել՝ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին
Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշման դեմ:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ակցիայի մասնակից Էմմա Սարգսյանը, մասնակիցները, որոնք դեսպանատան առջև էին հավաքվել Հայաստանի դրոշներով ու պաստառներով, անցորդներին բաժանել են կատարվածը լուսաբանող թռուցիկներ:
Հյուպատոսության աշխատակցին է փոխանցվել համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-նամակ: Այնտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց հետո ակցիայի մասնակիցները բողոքի երթ են անցկացրել:
Նշենք, որ մինչ ակցիան Գերմանիայի Հայոց առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Գարեգին Արք. Պեքճեանը նամակով դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին, արտգործնախարար Գուիդո Վեսթերվելեին, Կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին, Ավետարանական Եկեղեցու Խորհրդին, Ուղղափառ Եկեղեցիների Եպիսկոպոսաց Ժողովին և Գերմանիայի Միջ-Եկեղեցական Շարժման նախագահությանը:










