Ղուրանը այրելու մեջ մեղադրվող քրիստոնյա աղջիկը ազատ է արձակվել

23:05 • 08.09.12

Պակիստանցի 14-ամյա քրիստոնյա Ռիմշա Մասիխը, ով մեղադրվում էր Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, այսօր բանտից ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նախօրեին դատարանը որոշում էր կայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:


Աղջիկը պահնորդների ուղեկցությամբ դուրս է բերվել կալանավայրի տարածքից և ռազմական ուղղաթիռով տարվել անհայտ ուղղությամբ: Նրա դեմքը փակված է եղել: Դատապաշտպանների խոսքով, Մասիխը անվտանգ վայր է տեղափոխվել:


Միևնույն ժամանակ, տեղի քրիստոնյա համայնքը մտավախություններ ունի, որ ազատ արձակված աղջիկը և իր ընտանիքը ապահով չի կարող լինել Պակիստանում, քանի որ ո՛չ իրավապահ համակարգը, ո՛չ համայնքը չի կարող ապահովել այդ ընտանիքի անվտանգությունը:


Պակիստանում իսլամը վիրավորող արարքների համար մարդիկ ավելի հաճախ ամբոխի դատաստանի են ենթարկվում: Հաճախակի բնույթ են կրում իսլամական սրբությունները պղծելու մեջ մեղադրվող մարդկանց և նրանց ընտանիքների սպանությունները:


Աղջնակը, որոշ տվյալներով Դաունի համախտանիշով է տառապում: Նա ձերբակալվել էր օգոստոսի 16-ին, Պակիստանի մայրաքաղաքի աղքատ արվարձաններից մեկում: Ձերբակալության պատճառ է հանդիսացել մուսուլման իմամ Խալիդ Չիշտիի հայտարարությունը այն մասին, թե աղջիկը Ղուրանի էջեր է այրել:


Իմամը այժմ մեղադրվում է նրանում, որ դիտմամբ քրիստոնյա աղջկան կեղծ մատնել է աստվածուրացության մեջ, որի համար Պակիստանում ցմահ ազատազրկումից մինչև մահապատիժ է սահմանված:


Քրիստոնյա աղջկան փրկել էին ականատեսների վկայությունները, ովքեր ոստիկաններին հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է իմամը Ղուրանից էջեր պոկում և դնում քրիստոնյա պարմանունու պայուսակը, որտեղ արդեն կային կրակ այրելու համար նախատեսվող թղթեր: