Երկրորդ փուլը` նույն մակարդակի ակնկալիքով. «Ազդակ»
Հունգարիա-Ադրբեջան գործարքին և մարդասպան Սաֆարովի ազատության մեջ հայտնվելու ու հերոսացման դեմ բողոքի համասփյուռքյան ալիքը իբրև քարոզչաքաղաքական առաջին գործողություն կարելի է իրականացված համարել:
Սփյուռքահայության համատարած բողոքը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևան ժամանելու լիարժեք օգտագործումը ամբողջացրին բողոքի մարդկային շղթան, որը շրջագծեց Բուդապեշտն ու Բաքուն: Թեև պատասխանատվությունների առումով, մեղադրանքների թիրախային տարբերությունները զգացվեցին ամենուրեք՝ Բուդապեշտի, ՆԱՏՕ-ի և Բաքվի միջև:
Բողոքի շղթայի յուրաքանչյուր օղակ մյուսին միացավ շատ հեզասահ, արագ, նկատի ունենալով թե՛ հաջորդականությունը, թե՛ պահանջները և թե՛ ամբաստանությունները: Թուրքական մամուլի ներկայացուցիչն անգամ չէր զսպել իր զարմանքը` տեսնելով նման բողոքի համատարածության և կազմակերպվածության մակարդակը:
Այս առումով էլ դիպաշարին հետևողների մոտ չվրիպեց Թուրքիայում հայության բարձրացրած բողոքը` որն ըստ թեև այլ հարց էր արծարծում, այսուհանդերձ, հայության համընդհանուր պահանջատիրությանը միանալու և բողոքի շղթայի օղակներից մեկը կազմելու հստակ ուղերձ ուներ իր մեջ: Ստամբուլում իրավապաշտպանները մասնակցում էին «Նոր զարթոնք» կազմակերպության կողմից նախաձեռնված բողոքին` ուղղված Սևակ Շահինի մարդասպան Քվանչ Աղալողլուի ազատման դեմ:
Թեև տարատեսակ մեկնաբանությունները և տեսությունները իրար հակասում են` բացատրելու համար Շահինի մահվան դրդապատճառները, այսուհանդերձ, հետևողի մոտ հստակ համոզմունք է առաջացել, որ Շահինի սպանությունը ևս ազգային հողի վրա կատարված մարդասպանություն է. հար և նման սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարմանն առիթ տվող պատճառին: Սաֆարով-Աղալողլու մարդասպանության և հայատյացության ծինը լավագույնս բացատրում է թուրք-ադրբեջանական հակահայ ինքնամղումի անզսպելիությունը:
Խնդիրը սակայն այս դեպքում «Նոր զարթոնք»-ի կողմից հայության ընդհանուր պահանջատիրությանը յուրահատուկ ձևով միանալն է, այս օրերին Ստամբուլում միևնույն ամոթանքի պատին գամելու նաև Թուրքիային, որը պատրաստվում է ազատ արձակել իր մարդասպանին: Իրոք, պոլսահայության մոտ «Նոր զարթոնքը» նախադրյալներ է դրսևորում, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բարձրացրած պահանջատիրության պայքարին միանալու ուղղությամբ:
Քարոզչաքաղաքական գործողությունների ազդանշանը, փաստորեն, տրվեց հարապարակային ձևով, երբ ի լուր Սաֆարովի վերաբերող գործարք-հերոսացմանը ՀՀ նախագահ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի հետ իր ունեցած հանդիպման ընթացքում հայտնում էր, որ խորհրդակցել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ արտերկրում աշխատանքներ իրականացնելու համար: Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից և արցախյան թղթածրարից հետո համայն հայության դեմ նետված ադրբեջանական ձեռնոցը վերցնելու համահայկական ընդառաջման ալիք ձևավորվեց շատ արագ և շատ կազմակերպված:
Համախմբվածության այս փաստը հուշում է, որ հակառակորդի ոտնձգությունների դեմ հայկական կողմը համախմբվածության և, մանավանդ, կազմակերպվածության նման մակարդակով աշխատելու շատ տեղ ու առիթ ունի:
Իսկ այս հարցում միայն քարոզչաքաղաքական փուլը չէ, որ իբրև իրականանալի առաջադրանք համայն հայության օրակարգի վրա է հայտնվել: Իրավական հետապնդումների փուլը` մարդասպանը վերստին ճաղերի ետևում տեղափոխելու, Հունգարիա-Ադրբեջան հարաբերությունների վրա ազդելու և այս պատահարներին ՆԱՏՕ-ի առնչությունը ճշտելու, պետությունների դատապարտումների շղթան ապահովելու աշխատանքը երկարատև, տեղ-տեղ հիասթափեցուցիչ, համենայնդեպս, հետևողականություն և, մանավանդ, քաղաքական պահերի օգտագործման հմտություն պահանջող հրամայականներ է ենթադրում։
Քարոզչաքաղաքական փուլը իրականացած է: Իրավաքաղաքական փուլի համար պարտավոր ենք ցույց տալ միևնույն համախմբվածությունն ու միևնույն կազմակերպվածությունը:
Շահան Գանտահարյան՝ «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր










