Ոստիկանության «Թեժ գծին» մինչև 16:00-ն միայն մեկ զանգ է ստացվել. Աշոտ Ահարոնյան

17:01 • 09.09.12

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբին և «Թեժ գծին» ժամը 16 –ի դրությամբ ընդամենը մեկ զանգ է եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն՝ ի պատասխան հարցի, թե այսօր օրվա ընթացքում քանի ահազանգ է եղել:


«Մեզ մոտ գրանցվել է միայն մեկ զանգ, և այդ մեկ զանգը եղել է Գյումրու ավագանու անդամի թեկնածու, «Քաղաքը մերն է» նախաձեռնության խմբի անդամ Լևոն Բարսեղյանի կողմից»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:


Հիշեցնենք, որ ինչպես և հայտնել էինք՝ նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը «Ասպարեզ» ակումբի կայքի միջոցով տեղեկացրել էր, որ զանգել էր ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի թեժ հեռախոսագծին և հարցրել, թե ոտիկանությունը ինչո՞ւ չի տեսնում Գյումրիում զանգվածայնորեն բաժանվող ընտրակաշառքը, ընտրատեղամասերի առաջ մարդկանց կուտակումները և թեկնածուների օգտին ուղղորդումները, «որոնց մասին կայքերում լիքը լուրեր կան»:

Նշենք, որ ոստիկանությունը հերքել է այսօր «Ցայգ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական հաղորդման ընթացքում հայտնված տեղեկությունը, որ Գյումրի քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասում ընտրակաշառք են բաժանում:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ ստացված ահազանգը չի համապատասխանում իրականությանը: