Dodge Challenger-ը չի պատրաստվում հեռանալ
Ամերիկյան «մկանային մեքենաների» ընտանիքի հայտնի ներկայացուցիչ Dodge Challenger-ը պատրաստվում է ֆեյսլիֆթինգի և հետագա սերնդափոխության: Չնայած լուրերին այն մասին, որ նրա տեղը կարող է զբաղեցնել SRT Barracuda մոդելը, սակայն Chrysler կոնցեռնը չի պատրաստվում «Չելենջերին» վերջ դնել, հաղորդում է Motor Authority պարբերականը:
Բացի այդ, եթե հաջորդ տարի Challenger սպորտային մեքենային սպասում է միայն «մաշկի ձգում», ապա մինչ 2015թ. Chrysler-ում նախատեսվում է նոր սերնդի թողարկումը, որը կշարունակի արժանիորեն մրցակցել Chevrolet Camaro-ի և Ford Mustang-ի հետ:
Motor Authority-ի տեղեկություններով, Dodge Challenger-ը մի փոքր կարճեցված հենահարթակ կստանա, կուպեի անիվային բազան կարող է 80 մմ կորցնել: Հենց այդ էլ կօգտագործվի SRT բրենդով «լիցքավորված» տարբերակի ստեղծման համար, որով կվերականգնվի ևս մեկ լեգենդար անուն` Barracuda-ն:
SRT-ն պատրաստվում է մեքենայի կապոտի տակ տեղավորել 6,2 լիտր ծավալով տուրբինացված V8 շարժիչ, որը մկանային մեքենային Shelby GT500-ի և Camaro ZL1-ի հետ մրցակցելու հնարավորություն կտա:










