ԿԺԴՀ. Հարավային Կորեան լարում է իրավիճակը ծովային սահմանին
Պաշտոնական Փհենյանը մեղադրել է Հարավային Կորեային լարված իրավիճակ հրահրելու մեջ Դեղին ծովում, սպառնալով «ծովում խորտակել հարավկորեական սադրիչներին գերագույն հրամանատար Կիմ Չեն Ընի հրամանով», եթե նրանք չդադարեն վիճելի տարածքներում իրենց գործողությունները, հաղորդում է BBC-ն:
ԿԺԴՀ-ի հարավ-արևմտյան ճակատի հրամանատարության մամուլի հաղորդագրության համաձայն, որը մեջբերում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, հարևան պետության նավերը, չնայած զգուշացումներին, «բառացիորեն ամեն օր ներխուժում են ԿԺԴՀ-ի տարածքային ջրեր, սադրիչ զորավարժանքներ և կրակ են իրականացնում 5 կղզիների շրջանում, ներառյալ Յենպհենդո կղզին»:
«Հյուսիսային Կորեայի նավերը պատրաստ են վճռական ճակատամարտ սկսել՝ համաձայն ռազմական օպերատիվ պլանի, որը անձամբ մշակել է ԿԺԴՀ-ի ղեկավարը, ով օգոստոսի 17-ին հրամայել է հակառակորդի սադրանքներին ի պատասխան հզոր հակահարված հասցնել և մեծ պատերազմ սկսել հայրենիքի վերամիավորման համար», - ասվում է հայտարարության մեջ:
Հինգ կղզիները, որոնք գտնվում են Դեղին ծովով անցնող հյուսիսային տարանջատման գծի մոտ, արդեն երկար տարիներ երկու պետությունների վեճերի պատճառ են հանդիսանում, քանի որ 1953թ.-ից վիճելի տարածք են համարվում:











