Օրբելի փողոցում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում կա 2 զոհ և 3-ի վիճակն էլ ծայրահեղ ծանր է (թարմացված)
Սեպտեմբերի 9-ին` ժամը 13.07-ին, Օրբելի 6 հասցեում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, այս մասին Tert.am-ին հայտնեց մեր ընթերցողներից մեկը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա հինգ ծանր վիրավոր, որոնցից մեկի վերաբերյալ անգամ ԱԻՆ-ից դժվարացան այդ պահի դրությամբ նշել՝ վիրավո՞ր է, թե զոհված:
ԱԻՆ-ից տեղեկացրին, որ վթարի ենթարկված մեքենան բախվել է նախ ծառին, ապա՝ պատին:
Դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ ջոկատի հերթապահ խումբը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
14.25
Քիչ առաջ ԱԻՆ-ից տեղեկացանք, որ հինգ վիրավորներից երկուսը ՝ երկու աղջիկ մահացել են, իսկ մյուս երեքը՝ երեք տղա, տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ վթարված մեքենայի ուղևորների մոտ չկան փաստաթղթեր, ուստիև փրկարարներին այս պահին հայտնի չեն զոհվածների ու վիրավորների ոչ անուն-ազգանունները և ոչ տարիքը: Թեպետ նշվեց, որ բոլոր ուղևորներն էլ երիտասարդ են:
14.50
Ավելի ուշ ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ աղջիկներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, մյուսը՝ հիվանդանոցում:
Ըստ ԱԻՆ-ի՝ տուժած տղաների վիճակը ևս ծայրահեղ ծանր է: Նրանցից երկուսը գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ մեկը՝ Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալասրանական բժշկական կենտրոնում:
«Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում» «Ֆորդ» մակնիշի 15 ՍՏ 570 մեքենան բախվել է «DAF» ՄԱԿՆԻՇԻ 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետև ծառի, որը կոտրվել է, ապա՝ պատի:
Մեքենայի մեջ հրդեհի բռնկում տեղի չի ունեցել:










