Հալեպում ռմբակոծության է ենթարկվել հայաբնակ թաղամասը

14:12 • 09.09.12

Սիրիայի կառավարական ուժերը զանգվածային հրետանային ռմբակոծության են ենթարկել Հալեպի Մեյդան թաղամասը, հայտնում է Взгляд-ը: Այս թաղամասում է գտնվում հայկական Սահակյան վարժարանը և Սբ Գրիգոր եկեղեցին:

 

Սիրիայի 2-րդ ամենամեծ քաղաքում ավելի վաղ թեժ մարտեր էին ծավալվել Հանանո թաղամասի զորանոցների նկատմամբ վերահսկում հասատատելու համար: 20 ժամ տևած բախումներից հետո Սիրիայի բանակի հաջողվել էր հետ մղել հակառակորդին: Արաբական ԶԼՄ-ների տվյալներով միայն շաբաթ օրը միայն Հալեպում 90 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: Ընդհանուր առմամբ նախօրեին Սիրիայում 180 մարդ է զոհվել:

 

Սիրիական SANA գործակալությունը հայտնել է նաև, որ կառավարական ուժերը «մեծ թվով ահաբեկիչներ են ոչնչացրել» Դամասկոսի հարավային Դեր-Ասաֆիե արվարձանում և «ձերբակալել են նրանց առաջնորդներին»:

 

Միաժամանակ, ըստ պաշտոնական աղբյուրների, Հոմս քաղաքում 227 մարդ՝ նախկին ապստամբ, ազատ է արձակվել, «քանի որ նրանց ձեռքերը չեն կեղտոտվել սիրիացի ժողովրդի արյունով»:


Ըստ SANA-ի այդ մարդիկ «գիտակցել են, որ Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ օտարերկրյա դավադրություն կա և ինքնակամ հանձնվել են»:

 

Սա առաջին զանգվածային համաներումը չէ Սիրիայում: Ավելի վաղ միայն Դամասկոսում 27 հազար մարդ էր ազատ արձակվել: