Այսօր 500 –ից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր հանրապետության 500 –ից ավելի համայնքներում տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, և առավոտյան ութից բացվել են ընտրական տեղամասերը:
ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ, Սյունիք մարզերի մի շարք համայնքներում և հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից՝ համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Արարատի և Արմավիրի՝ 97, Լոռու` 113, Շիրակի` 119, Սյունիքի 109 համայնքներում: Արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Սիփանիկ համայնքում:
Արարատի մարզում գրանցված են 129 թեկնածուներ, Արմավիրում` 103, Լոռիում` 166, Շիրակում` 174, Սյունիքում` 144:
Վանաձորում առաջադրված թեկնածուները հինգն են՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյան, «Միացյալ ազատական ազգային» կուսակցության կողմից առաջադրված Տարոն Ապրեսյանը, անկուսակցականներ Տիգրան Գրիգորյանը և Կարեն Թումանյանը և ԲՀԿ-ից Էդիկ Կարախանյանը:
Գյումրիում համայնքի ղեկավարի թեկնածուները չորսն են ՝ ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանը, անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը և դաշնակցական ինքնաառաջադրված Հովսեփ Սիմոնյանը: Մեկ ինքնաառաջադրված թեկնածու՝Ռաֆայել Ասատրյանը հանդես է եկել ինքնաբացարկով:
Նշենք, որ սեպտեմբերի 9 –ին ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած համայնքի ղեկավարի 954 թեկնածուներից կոպիտ հաշվարկով՝ մոտ մեկ քառորդը՝220-ը հանդես են եկել ինքնաբացարկով:
Այս ՏԻմ ընտրությունների համար հատկանշական է անկուսակցական (ինքնառաջադրված) թեկնածուների մեծ տեսակարար կշիռը. ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուներից 289-ն անկուսակցական են, 342-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ: ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի 48 թեկնածու ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 20-ը` «Հայ հեղափախական դաշնակցություն»-ը, իսկ 12-ը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Համայնքի ղեկավարի մեկական թեկնածուներ ունեն` «Ժառանգություն», Ռամկավար ազատական, Միացյալ ազատական ազգային, «Ազգային ժողովրդավարական միություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները:
Ըստ կուսակցական պատկանելության առաջադրումների առաջին տեղում են Հայաստանի հանրապետական կուսակցության (թե ՜կուսակցության կողմից առաջադրված և թե ինքնաառաջադրված )ներկայացուցիչները, երկրորդ տեղում՝ «Բարգավաճ Հայաստանի» , իսկ երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Օրինաց երկիր» և Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները՝ հիմնականում ինքնաաառաջադրված:
Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետի ընտրություններում գրանցված է երկու հանրապետական թեկնածու՝ մեկը ՀՀԿ-ից՝ համայնքի գործող ղեկավարը՝ Մխիթար Զաքարյանը և մյուսը՝ինքնաառաջադրված Սամվել Միքայելյանը:
Նույն մարզի Կապան քաղաքում գրանցված չորս թեկնածուների երեքը հանդես են եկել ինքնաբացարկով և կա մեկ գրանցված թեկնածու՝ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետանը:
Ինքնաբացարկներով են հանդես եկել ՀՅԴ-ական ինքնաաջադրված, համայնքի գործող ղեկավար Արթուր Աթայանը, (ով այդ քայլը բացատրեց իր համախոհների ու աջակիցների վրա ճնշումներով ), անկուսակցականներ Գագիկ Աթաջանյանը, Վարդան Բաբայանը:
Սեպտեմբերի 9 –ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 19 տեղական և մեկ արտասահմանյան դիտորդական կազմակերպություն՝ «Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը» իր 6 դիտորդներով:
Տեղական կազմակերպությունների դիտորդական առաքելություն են իրականացնելու՝Վանաձորի հելսինկյան քաղաքացիական գրասենյակը՝ 31 դիտորդներով, «Իրավակիրթ հասարակություն» ՀԿ-ն ՝204 դիտորդներով, «Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոնը»՝ 40 դիտորդներով, «Ընտրական համակարգեր » և «Արմավիրի զարգացման» կենտրոնները՝ համապատասխանաբար՝ 60 և 93 դիտորդներով և այլն:










