Կփոսալցվեն մայրաքաղաքի փողոցները՝ ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկություն. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը՝ այսօր քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ խիստ հսկողություն է իրականացվում փողոցների, անցուղիների ու կամուրջների տարածքների հիմնանորոգման և փոսալցման աշխատանքների որակի և իրականացման ժամկետների ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական աշխատանք տանել կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքների ուղղությամբ և ծրագիրն ամբողջությամբ ավարտել` ապահովելով անվտանգ ու հարմարավետ երթևեկ:
Տեղեկացնենք, որ շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատկապես պատշաճ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին:
Զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում է «Երևան ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ենթակայության շենքերի, բաշխիչ կայանների, գազատար և ջրատար խողովակների ներկման, մաքրման և սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:










