Ադրբեջանում ձևավորվում է ցեղասպանության մեքենա, որի թիրախը հայությունն է. ազատամարտիկներ

13:10 • 10.09.12

Արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցներ դիմել են համայն հայությանը, նշելով, որ արցախյան ազատամարտի ներկա փուլի հրամայականն է ձևավորել հայության անվտանգության և պաշտպանության արդիական համարկարգ, խնդիր ունենալով կազմաքանդելու ցեղասպանության նոր մեքենան:

 

Հայտարարության մեջ ասված է.



«Սիրիայի ողբերգությամբ պայմանավորված սիրիահայությանն սպառնացող հնարավոր աղետների առնչությամբ հայ ժողովրդին ուղղված մեր նախորդ դիմումից մի քանի օր չանցած՝ Հունգարիայում ցմահ ազատազրկման պատիժը կրող հայասպանն արտահանձնվեց Ադրբեջանին, ազատվեց և փառաբանվեց այնտեղ:

 

Հայության համար, սիրիական ճգնաժամին ավելացավ ևս մեկը, որը նախկինում էլ կար, սակայն շատերի համար անտեսանելի, որի հետևանքները շատ ավելի խոր ու տագնապալի կարող են լինել, որի էությունը, վերջին օրերի աղմուկ-աղաղակի մեջ, ամենից ճշգրտորեն արտահայտված է Լեռնային Ղարաբաղի արտգործ նախարարության հայտարարության մեջ, այն է՝ «Ադրբեջանը կրկին ցույց տվեց, որ իր հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հերթական ցեղասպանություն իրականացնելն է և նրա բնակչության իսպառ ոչնչացումը»:


Սակայն անգամ այս որակավորումն ամբողջական չէ, իրականությունն ավելի ծանր է. ինչպես 1915թ-ին Օսմանյան կայսրությունում, այնպես էլ այսօրվա Ադրբեջանում ձևավորվում է ցեղասպանության մեքենա, որի թիրախն ակնհայտ է Ալիևի սույն ձևակերպումից՝ «Մեր թշնամին համաշխարհային հայությունն է»:


Ինչպես 1915թ-ին Օսմանյան կայսրությունում, Ադրբեջանում էլ ընտրված է մի զանգված (Արևմտյան Մերձկասպիի թուրքերը), որին ներշնչում են, որ նրա զրկանքների, տառապանքների, նույնիսկ անձնական անհաջողությունների միակ պատճառը համաշխարհային հայությունն է (դեռևս մի քանի տարի առաջ՝ Ղարաբաղի անջատողականները և Հայաստանի ազգայնամոլները):


Ինչպես Օսմանյան կայսրությունում, Ադրբեջանում զանգվածների մշակման համար ստեղծվում է իրականության հետ ոչ մի կապ չունեցող պատմություն, ընթացիկ իրադարձությունների կեղծ մեկնաբանություններ, հայերին որպես դիվային արարածներ ներկայացնող պատմությունների շտեմարաններ:

 

Նմանատիպ մի շարք այլ գործողություններ իրականացվում են համաշխարհային

 

հանրության լռության, անտարբերության կամ կեղծ անհանգստության պայմաններում: Այս ամենը՝ ինչպես 1915-ին:


Ինչպես Օսմանյան կայսրությունում ճնշվում և ոչնչացման եզրին էին կանգնեցվում նաև հույները, ասորիները, այնպես էլ Ադրբեջանում հալածանքերի են ենթարկվում թալիշները, լեզգիները, ավարները և այլ ազգություններ: Ինչպես Օսմանյան կայսրությունում խիղճն ու բանականությունը չկորցրած թուրքերի ձայները հայտարարվում էին հակապետական և հալածվում, այդպես էլ հազարավոր մերձկասպյան ազնիվ և սթափ մտքով թուրքեր սպանվել են Բաքվի բանտերում կամ ցրված են աշխարհով մեկ:


Ինչպես Օսմանյան կայսրությունում «միջազգային բարձր շահերը» աշխարհին խոչընդոտեցին արդյունավետորեն ներգործել և խափանել հայասպան մեքենայի գործունեությունը, այդպես էլ այսօրվա աշխարհի առաջատար ուժերի գերակա շահերի պատճառով (անգամ Սաֆարովի չնչին հարցով) Ադրբեջանի ղեկավարության հայտարարած դիրքորոշումը որևէ փոփոխության չենթարկվեց:


Տագնապալից է, որ սրան զուգահեռ շարունակվում է այդ նույն աշխարհի կողմից Ադրբեջանի զինումը՝ ավելի ու ավելի հզոր հարձակողական զինատեսակներով, չնայած այն բանին, որ անգամ համապատասխան միջազգային ատյանների առաջադրած բոլոր սահմանափակումները վերջին տասնամյակում ամբողջությամբ և անդադար խախտվում են (սովորական սպառազինությունների մասին կոնվենցիան, ԼՂՀ-ի և ՀՀ-ի հետ զինադադարի մասին հայտարության ենթակետերը, Մինսկի խմբի պահանջները՝ «Շփման գծի ռեժիմի մասին»):


Այս տրամաբանության անարգել շարունակությունը կարող է մեր ժողովրդին կանգնեցնել ավելի մեծ աղետի առջև, քան 1915թ-ին:


Միայն այս պահից սկսած հայության (նախևառաջ նրա քաղաքական, քաղաքագիտական, ռազմական… ընտրանիների) ուժերի ծայրագույն լարումով կարող է նոր հայասպան մեքենան իսպառ կազմաքանդվել, որի շնորհիվ Հայաստանից Կասպյան Արևմուտք և հակառակը կհնչեն հիրավի անկեղծ բարեկամական համագործակցության խոսքեր:


Օսմանյան կայսրությունը կազմաքանդվեց՝ որդեգրելով մարդատյաց որակներ, այդպես էլ նրա որակները ժառանգած Ադրբեջանը որևէ ապագա չունի»:


Հայտարարության տակ ստորագրել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը, «Արցախ գնդի» փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը, «Արդարության մարտիկներ» շարժման հիմնադիր, «Կիրանց հատուկ» ջոկատի մարտիկ Արման Դանիելյանը, Վաչե Սարգսյանը: