Ծեծկռտուք Արմավիրի Բամբակաշատ գյուղում

13:31 • 10.09.12

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ և ձախ վերին և ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա Արամ Մ.-ն:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել վնասվածքներ:


Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթաքունքային շրջանի սալջարդ` ձախից, ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արման Ս.-ն:


Պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի մշակույթի տան հարակից տարածքում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են նրա հետ, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ:


Արման Ս.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 32-ամյա Կառլեն Ե.-ն և 32-ամյա Զոհրաբ Ե.-ն:


Կառլեն Ե.-ն և Զոհրաբ Ե.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: